
Վերջին 2 օրվա ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և Արցախի այլ պատկան պետական մարմիններն ավելի քան 600 զանգ եւ դիմում են ստացել քաղաքացիներից, որոնք փնտրում են իրենց անհայտ կորած՝ ընտանիքի անդամներին եւ հարազատներին։ Այս մասին X–ի միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի վրա։ Ադրբեջանական հարձակման հետեւանքով վերջին պաշտոնական տվյալով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ 400 մարդ։ Բաքվում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը ոչնչացնելու գործողություններն անվանել են «տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառում»։
Ճակատում տիրող ծանր իրավիճակից ելնելով սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանություններն ընդունել են ռուս խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Ըստ այդմ, պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման, ԼՂ ՊԲ-ի զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափման, ԼՂ տարածքից ծանր տեխնիկայի և սպառազինության դուրսբերման շուրջ՝ դրանք արագ ուտիլիզացնելու նպատակով։
Ադրբեջանական կողմի բարձրացրած հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի Սահմանադրության շրջանակում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապահովման վերաբերյալ քննարկվել են տեղի հայ բնակչության և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների միջեւ հանդիպմանը՝ Եվլախ քաղաքում սեպտեմբերի 21-ին և հետագա հանդիպումների ժամանակ: