
Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցում Հայաստանը ոչինչ չի կարող անել, Ռուսաստանը ոչինչ չի ուզում անել։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը։
Փորձագետը Ռուսաստանի քայլերն անվանել է ժամանակավոր ելք, որպեսզի Լեռնային Ղարաբաղում կոտորած չլինի։
«Սակայն երկարաժամկետ հեռանկարում հայերը չեն կարողանա այնտեղ մնալ, նրանք ստիպված կլինեն հեռանալ կամ ենթարկվել ճնշումների, ստորացումների և, ի վերջո, միևնույնն է, հեռանալ»,- նշել է Ալեքսանդրովը։
Եթե Հայաստանն ուզենա, ինքը հիմա ոչինչ չի կարող անել, քանի որ եթե անգամ բողոքի ցույցերը բերեն երկրի ղեկավարության փոփոխության, նա չունի այդ հարցը լուծելու ռազմական ուժեր, ավելացրել է քաղաքագետը։
Ըստ նրա, հայկական բանակի հզորությունն ամրապնդելու և Լեռնային Ղարաբաղը վերագրավելու համար շատ ժամանակ է պահանջվում։
«Որպեսզի հայերը մնան Լեռնային Ղարաբաղում, այսօր քայլեր պետք է ձեռնարկի միջազգային հանրությունը։
Միակ բանը, որ կարելի է անել, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելն ու լուրջ հետևանքներով սպառնալն է։ ԱՄՆ Կոնգրեսում լավ բանաձև են առաջարկել Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար։ Բայց այնտեղ նման կոնգրեսականները քիչ են, և հիմնական կառույցը Ադրբեջանը դիտարկում է որպես կարևոր երկիր, որն ապագայում ցանկանում են օգտագործել Ռուսաստանի դեմ։ Ուստի, դժվար թե նրանք լուրջ բան անեն Ադրբեջանի դեմ։ Իսկ Եվրամիությունը նույնիսկ չկարողացավ դատապարտել տեղի ունեցածը, քանի որ հունգարացիները խանգարեցին»,- ընդգծել է նա։
Փորձագետը համոզմունք է հայտնել, որ նույնիսկ պատժամիջոցները կարող էին փոխել իրավիճակը, իր դերը կունենար նաև ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի կիրառումը (հարկադրական միջոցներ և խաղաղապահ ուժերի տեղակայում):
«Սակայն Ադրբեջանի դեմ ոչ ոք նույնիսկ պատժամիջոցներ չկիրառեց»,- հիշեցրել է քաղաքագետը։
Ալեքսանդրովը կարծում է, որ եթե հայերը հեռանան, կհեռանան նաև ռուսաստանյան խաղաղապահները, եթե ոչ հիմա, ապա 2025թ.-ին։
«Դա միայն ժամանակի հարց է»,- եզրափակել է նա։