
Բրյուսելն ու Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել՝ ավելացնելու Ադրբեջանից Եվրամիություն գազի մատակարարումները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Թիմ Մաքֆին, տեղեկացնում է Trend-ը։
«2022 թվականին Ադրբեջանից գազի մատակարարումները կազմել են ԵՄ այս ռեսուրսի ներմուծման 3 տոկոսը՝ 2021 թվականի 2 տոկոսի դիմաց: Մենք ակնկալում ենք, որ այս տարի նույնպես կհասնենք նույնանման մակարդակի։ 2021 թվականին մենք ներմուծել ենք 8,1 մլրդ խմ ադրբեջանական գազ, մինչդեռ 2022 թվականին արդեն ստացել ենք 11,3 մլրդ խմ։ Այսպիսով, աճ նկատվում է։ Մենք փոխըմբռնման հուշագիր ենք կնքել, որը նախատեսում է մինչև 2027 թվականը ադրբեջանական գազի մատակարարումներն ավելացնել մինչև 20 միլիարդ խորանարդ մետրի, ինչպես նաև վերականգնվող էներգիայի ոլորտում ավելի լայն համագործակցություն ունենալ»,- ասել է նա։
Նշենք, որ Ադրբեջանը 2020 թվականի դեկտեմբերի 31-ից սկսել է գազի մատակարարումը Եվրոպա Հարավային գազային միջանցքով։ Գազատարի հզորությունը 10 միլիարդ խորանարդ մետր է՝ 20 միլիարդ խորանարդ մետր ընդլայնման հնարավորությամբ։
2022 թվականի հուլիսին Ադրբեջանը և ԵՄ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ մինչև 2027 թվականը Հարավային գազային միջանցքի թողունակությունը կրկնապատկելու մասին։