
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիի Գլդանի թաղամասում զանգվածային ծեծկռտուքի համար ձերբակալել են ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին նախագահ Նիկա Մելիային, կուսակցության անդամ Բաչո Դոլիձեին և մի քանի այլ անձանց։ Այս մասին հայտնում է վրացական Ռուսթավի 2 հեռուստաալիքը։
Լրատվամիջոցի տվյալներով, ծեծկռտուքին նախորդել է Թբիլիսիի քաղաքային ժողովի «Ազգային շարժում» կուսակցությունից պատգամավոր Իրակլի Էձգվերաձեի ծեծը։ Գլդանիում գտնվող Էձգվերաձեի տան մոտ մի քանի հոգի հարձակվել են նրա վրա։ Քաղաքական գործիչը մեղադրել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության կողմնակիցներին, քանի որ վստահ է, որ իրեն ծեծի են ենթարկել, քանի որ ուրբաթ օրը քաղաքային ժողովի նիստում բանավոր վիճաբանություն է ունեցել իշխող կուսակցության պատգամավոր Կոնստանտին Զառնաձեի հետ։
Էձգվերաձեի ծեծից հետո դեպքի վայր են ժամանել ընդդիմադիր կուսակցության առաջնորդները։ Նրանց ներկայությունը դժգոհություն է առաջացրել տեղի բնակիչների շրջանում, ինչը հանգեցրել է ծեծկռտուքի։
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առնչությամբ դեռ պաշտոնական մեկնաբանություններ չի արել։