Նիկոլ Փաշինյանն արդեն դուրս է գրվել ամբողջ աշխարհի համար։ Այս մասին փետրվարի 22-ին Երևանի Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարել է «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։
Նա վստահ է, որ աշխարհը հիմա նայում է այս հրապարակին, աշխարհն ուզում է հասկանալ՝ հայ ժողովուրդը կարո՞ղ է իր ուժերով փոխել իրավիճակը և չենթարկվել ցեղասպանության։
«Մեզնից է կախված, թե ինչ ճակատագրի կարժանանք»,- հավելել է Թևանյանը։
Նա կրկնել է, որ Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապահովելու համար ամենակարևոր նախապայմանը Հայաստանի իշխանության փոփոխությունն է։
«Կան մարդիկ, ովքեր արդարացիորեն հարցնում են, թե ինչ կարելի է անել այսօր Արցախում գտնվող ժողովրդի համար։ Մենք՝ որպես այլընտրանքային իշխանություն, խնդիրներ ենք ձևակերպում, լուծումներ ենք ներկայացնում, բայց կառավարությունը պետք է գործի, որպեսզի օգնի Արցախին, քանի որ իշխանությանն է պատկանում այդ դերակատարությունը»,- ընդգծել է քաղաքական գործիչը։