News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

Ռուսաստանից բացի, ղարաբաղյան հակամարտությունում ներգրավված հիմնական խաղացողներից է Թուրքիան, որը մշտապես աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ հիմնված պանթյուրքական մշակութային-լեզվական ընդհանրության եւ տնտեսական կապերի վրա։ Այս մասին գրել է «Ղարաբաղյան հակամարտության վերսկսումը. ընթերցում տողերի միջեւ» հոդվածի հեղինակ Մաթյո Դրուանը Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) համար։

Թուրքական օգնությունը վճռական եղավ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ռազմական գերազանցության հարցում ղարաբղյան երկրորդ պատերազմի ժամանակ 2020թ., մասնավորապես՝ շնորհիվ Bayraktar TB-2 թուրքական անօդաչուների։ Բացի այդ, Բաքուն վայելում է Անկարայի մերձավոր գործընկերների՝ Պակիստանի եւ Կատարի աջակցությունը, նշել է հոդվածագիրը։

Դրուանի խոսքով՝ չնայած Հարավային Կովկասում ազդեցության ընդլայնման համար մրցակցությանը, Մոսկվան եւ Անկարան «համակարծիք են այն հարցում, որ նախընտրում են, որպեսզի միջազգային եւ հատկապես արեւմտյան մասնակցությունը ղարաբաղյան հակամարտությանը հնարավորինս նվազագույն եւ զուսպ լինի։ Երկու խաղացողն էլ, մասնավորապես, փորձել են շրջանցել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահությամբ, որը ստեղծվել է 1990-ական թթ. «ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար»։

«Այս հակամարտության մյուս տարածաշրջանային ասպեկտը նրա՝ Իրանում անկայունություն առաջացնելու պոտենցիալ հնարավորությունն է, որտեղ ապրում է զգալի թվով ադրբեջանական համայնք՝ 15-19 մլն ադրբեջանցի, այն դեպքում, երբ Ադրբեջանում նրանց թիվը 10 մլն է։ Թեհրանը ցանկանում է խուսափել հնարավոր հետեւանքներից, որոնք կարող էին դրդել Իրանի ադրբեջանցիներին ինքնավարություն ունենալ Իրանի կազմում կամ մոտենալ Ադրբեջանին»,- գրել է հոդվածի հեղինակը։

Նա նշել է, որ Թեհրանը մտահոգ է նաեւ Բաքվի՝ Հայաստանում ցամաքային տրանսպորտային միջանցք բացելու ձգտմամբ, որը բուն Ադրբեջանը կկապի դեպի ծով ելք չունեցող Նախիջեւանի հետ, ինչը կզրկի Իրանին դեպի Երեւան ուղիղ կապից։ Այսպիսով, չնայած Իրանը պաշտոնապես չեզոք դիրք է զբաղեցնում եւ հայտարարում է, որ պատրաստ է միջնորդ հանդիսանալ հակամարտող երկու կողմերի միջեւ, իրականում նա հակված է գործել հօգուտ Հայաստանի։

«Իրանի թեքումը Հայաստանի կողմը մասամբ բացատրում է այն, թե ինչու է Իսրայելը՝ Իրանի երդվյալ մրցակիցը տարածաշրջանում, աջակցում Ադրբեջանին՝ դառնալով Բաքու զենքի եւս մեկ հիմնական մատակարարը։ Հինգ տարվա ընթացքում, որոնք նախորդել են ղարաբաղյան երկրորդ պատերազմին, Ադրբեջանի ներմուծած զենքի մոտ 70 տոկոսը եղել է իսրայելական, ներառյալ անօդաչուները, զինամթերքները եւ Barak 8 հրթիռները, ինչն օգնեց Բաքվին ռազմական հաղթանակի հասնել 2020թ. պատերազմում»,- ընդգծել է Դրուանը։

Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգների վրա եւս զգալի ճնշում են գործադրում հայկական սփյուռքի անդամները՝ միջամտություն պահանջելով։

«Չնայած Վաշինգտոնը պատմականորեն զենք է վաճառել երկու երկրներին, ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները դեմ են Ադրբեջանի հարձակումներին. 2022թ. սեպտեմբերին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելեց Հայաստան եւ քննադատեց Ադրբեջանին Հայաստանի «անվտանգության եւ դեմոկրատիայի դեմ» ոտնձգելու համար։ Այս երեքշաբթի Միացյալ Նահանգները նորից հանդես եկավ իր դիրքերից. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դատապարտել է Ադրբեջանի վերջին հարձակումը՝ այն բանից ընդամենը մի քանի ամիս հետո, երբ Բլինքենը Մյունխենում ընդունել էր Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին»,- գրել է նա։

Վերլուծաբանի կարծիքով՝ հակամարտությունը տարածաշրջանը Եվրոպայի մաս համարող եւ այնտեղ ռազմական մասնակցություն ունենալ չցանկացող եվրոպական մայրաքաղաքներին  սուր երկընտրանքի առջեւ է կանգնեցնում։

«Եվրոպայի շատ երկրներ դեմ են  Ադրբեջանի ռազմական պոտենցիալի եւ ագրեսիվ դիրքորոշման ավելացմանը՝ միաժամանակ ջանալով խուսափել Բաքվի հետ բախումից։ Ադրբեջանը ներկայանում է որպես Եվրոպա ածխաջրածինների հիմնական մատակարարներից մեկը, մասնավորապես՝ Հարավային գազային միջանցքով, եւ այդ միտումը կուժեղանա՝ ռուսական գազից աշխարհամասի կախման թուլացմանը զուգընթաց։

Անցյալում Եվրամիության ինչ-որ քայլեր ձեռնարկելու փորձերը հիմնականում անհաջող են եղել, քանի որ ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը չեն ցանկացել զայրացնել Թուրքիային եւ Ռուսաստանին՝ հակամարտությունում իրենց անվտանգության երաշխավորներին։ Սակայն Ուկրաիանում Ռուսաստանի շարունակվող ռազմական անհաջողությունները եւ Երեւանի հետ հարաբերությունների վատացումը, ըստ երեւույթին, իշխանության վակուում են թողել, ինչն աննկատ չի մնացել եվրոպացի քաղաքական գործիչների համար։

Փարիզի ազդեցությամբ Եվրամիությունը գործի է դրել Եվրոպական քաղաքական ընկերակցության (ԵՔԸ) նոր պլատֆորմը՝ ընդհանուր աշխարհամասային նախաձեռնություն, որը գումարվել է երկու անգամ՝ սկզբում Պրահայում 2022թ. հոկտեմբերին, իսկ հետո՝ Քիշնեւում 2023թ. մայիսին։ ԵՔԸ շրջանակում սկսվել է ուղիղ երկխոսության նոր ուղի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ՝ Եվրոպական խորհրդի   նախագահ Շառլ Միշելի, ինչպես նաեւ ֆրանսիացի եւ գերմանացի քաղաքական գործիչների ղեկավարությամբ։ Ղեկավարները պայմանավորվել են  Հայաստանում ԵՄ նոր նախաձեռնության մասին, որը հիմնվել է 2023թ. հունվարին՝ աջակցելու համար կայունությանը սահմանամերձ շրջաններում՝ «տեղերում վստահության ամրապնդման» եւ «հարաբերությունների կարգավորմանը նպաստող պայմանների ապահովման» հայտարարված նպատակով։

Վերջերս տեղի ունեցած բախումները վկայում են ԵՄ ղեկավարության նախաձեռնած ջանքերի անհաջողության մասին։ Առայժմ պարզ չէ, թե արդյոք ԵՔԸ հաջորդ գագաթաժողովը, որը նախատեսվում է իրականացնել առաջիկա օրերին Գրանադայում (Իսպանիա), թույլ կտա վերսկսել խաղաղ բանակցությունները ԵՄ հովանու ներքո, թե՞ հանդես կգան Արցախի վերաբերյալ նոր խաղաղ նախաձեռնությամբ»,- գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ