
Արցախում գնդակոծության ժամանակ զոհվել է խաղաղապահ Անտոն Շվորենը Ռոստովի մարզից։ 39-ամյա Անտոն Շվորենի մահվան մասին պատմել են նրա մերձավորները սոցցանցերում, գրել է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։
Շվորենը կնոջ եւ երկու դուստրերի հետ ապրում էր Ռոստովի մարզի Կամենսկ Շախտինսկ քաղաքում։ Սեպտեմբերին խաղաղապահը Արցախում էր։
Սեպտեմբերի 20-ի ցերեկը Անտոնը «УАЗ Патриот»-ի ղեկին էր, երբ վերադառնում էր դիտորդական դիրքից։ Մեքենայի ուղղությամբ կրակ են բացել, երբ նա անցնում էր Ճանկաթաղ բնակավայրով։ Գնդակոծության հետեւանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում վարորդը։
Թե երբ է լինելու 39-ամյա զինվորականի հուղարկավորությունը՝ հայտնի կդառնա ավելի ուշ։
Ավելի վաղ Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտարարել էր այն մասին, որ Արցախում խաղաղապահ առաքելության իրականացման ժամանակ զոհվել է 6 զինծառայող, եւս մի քանի հոգի տարբեր ծանրության վիրավորումներ է ստացել։
ՌԴ ՊՆ-ն սեպտեմբերի 20-ին տեղեկացրել էր, որ դիտորդական դիրքից վերադառնալիս հրազենով գնդակոծվել է ռուս խաղաղապահների ավտոմեքենան։ Ավելի ուշ RT գլխավոր խմբագիրը տեղեկացրել էր ռուս 5 խաղաղապահների զոհվելու մասին։