
Շատ կարեւոր է թույլ չտալ, որ աշխարհը գլորվի դեպի մեծ պատերազմ: Այս մասին ՄԱԿ-ի ԳԱ 78-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ապագայի ուրվագծերը կերտվում են պայքարում»,-ասել է նա։
Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես է եկել հաջորդ տարի «ապագայի գագաթնաժողով» անցկացնելու նախաձեռնությամբ: «Այս նախաձեռնության հաջողությունը կարող է ապահովվել բացառապես բոլոր անդամ երկրների շահերի արդար եւ ազնիվ հավասարակշռության ձեւավորման միջոցով»,-ասել է Լավրովը։
Նա նաեւ անդրադարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հնարավոր ընդլայնման թեմային: «Ավելի ու ավելի պահանջված է դառնում նաեւ անվտանգության խորհրդի ընդլայնումը՝ բացառապես նրա կազմում համաշխարհային մեծամասնության երկրների՝ Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի թերներկայացվածության վերացման միջոցով»,-նշել է նա։
Նրա խոսքով՝ կարեւոր է, որ անվտանգության խորհրդի նոր անդամները ՝ ինչպես մշտական, այնպես էլ ոչ մշտական, հեղինակություն վայելեն եւ՛ իրենց տարածաշրջաններում, եւ՛ գլոբալ ընդգրկման այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են Չմիավորման շարժումը, «77-րդ խումբը», Իսլամական համագործակցության կազմակերպությունը։
«Ժամանակն է դիտարկել նաեւ ՄԱԿ-ի քարտուղարության ձեւավորման ավելի արդար մեթոդները։ Երկար տարիներ գործող չափանիշները չեն արտացոլում պետությունների իրական կշիռը համաշխարհային գործերում եւ արհեստականորեն ապահովում են ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի երկրների քաղաքացիների անդրսահմանային գերակայությունը»,-համոզված է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը նաեւ հայտարարել է, որ ընդհանուր առմամբ հասունացել է գլոբալ կառավարման գոյություն ունեցող ճարտարապետության շուտափույթ բարեփոխումը, որը վաղուց չի համապատասխանում դարաշրջանի պահանջներին։