
Իմ ունեցած տվյալներով՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ մոտ 4 հազար մարդ այսօր Մարտակերտից տեղափոխվում է Ստեփանակերտ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Այժմ անհետ կորածների, նաեւ վիրավորների, դիերի որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում, քանի որ բազմաթիվ անհետ կորածներ կան եւ՛ քաղաքացիական անձանց, եւ՛ զինվորականների շրջանում»,- նշեց պատգամավորը։
Անդրադառնալով Ստեփանակերտում տիրող իրավիճակին՝ Հակոբյանն ասաց. «Փորձում են այստեղ տեղահանվածներին ամեն ինչով օգնել, սակայն այդքան տեղահանվածի անհնար է օգնելը։ Դպրոցների սառը հատակներին, առանց հագուստի ու ուտելիքի են մնում մարդիկ. քաոս է տիրում»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում էր սկսել Արցախի վրա։ Ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ 400 մարդ։ Բաքվում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը ոչնչացնելու գործողություններն անվանել են «տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառում»։
Ճակատում տիրող ծանր իրավիճակից ելնելով երեկ՝ սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանություններն ընդունել էին ռուս խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Ըստ այդմ, պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։
Նշենք, որ այժմ Արցախում մեծ թվով տեղահանվածներ կան, շատերը կորցրել են կապը հարազատների հետ։