
Այսօր ԱՄՆ ռազմաօդային ուժերը շահագործում են 5-րդ սերնդի երկու տեսակի կործանիչ՝ F-22-ը (մոտ 100) և F-35-ը (ավելի քան 540) յուրաքանչյուրը համապատասխանաբար 143 մլն և 75 մլն դոլար արժողությամբ։
Սակայն, ի պատասխան Չինաստանի ձեռնարկած սպառազինության զարգացման արագացված ծրագրի, Պենտագոնը լրացուցիչ 6 միլիարդ դոլար է խնդրել XQ-58A Valkyrie մարտական անօդաչու թռչող սարքերի «նավատորմ» ստեղծելու համար՝ յուրաքանչյուրը 3 միլիոն դոլար արժողությամբ, հայտնում է Technocult-ը:
Անօդաչուի ստեղծողը Kratos Defence & Security Solutions ընկերությունն է։ ԱԹՍ-ի երկարությունը 9,1 մ է, քաշը՝ 1134 կգ։ Այն կարող է կրել մինչև 545 կգ մարտական բեռ։ Valkyrie-ն բազմաֆունկցիոնալ անօդաչու թռչող սարք է, սակայն հիմնականում նախատեսված է F-22-ին և F-35-ին գաղտնի ուղեկցելու և աջակցելու համար:
Օգոստոսին Էլջին ռազմաօդային բազայում փորձարկման ժամանակ XQ-58A-ի երեք ժամ թռիչքը ղեկավարում էր ԱԲ-ն (արհեստական բանականություն), որից հետո ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտարարեց, որ չնայած այս ակնհայտ նվաճմանը, անօդաչու թռչող սարքերը պետք է լինեն օպերատորների հսկողության տակ:
Ինչպես NYT-ին ասել է Պենտագոնի խոսնակը, «ՌՕՈՒ յուրաքանչյուր անօդաչու թռչող սարք նախագծված է այնպես, որ հրամանատարներն ու օպերատորները կարողանան կառավարել այն մարտական կիրառման դեպքում»: