
Չնայած ոստիկանության բռնություններին՝ անհնազանդության ակցիաները մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՅԴ ԳՄ անդամ, Ազգային կոմիտեի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Այս պահին ունենք 200-ից ավել բերման ենթարկված քաղաքացի:
Ընդդմադիր պատգամավորները և փաստաբանները զբաղվում են քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ»,- գրել է նա։
Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները, փակվել են բազմաթիվ փողոցներ: Կարմիրբերետավորներն սկսել են բերման ենթարկել քաղաքացիներին։ Մասնավորապես, բերման են ենթարկվել ԱԺ պտգամավոր Թադեւոս Ավետիսյանը, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Հանրապետության հրապարակում ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
ՀՀ առաջին վարչապետ, Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը երեկ Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ երեք օր շարունակ վաղ առավոտից մինչև երեկո Հայաստանը պարալիզացվելու է։