
Մարդիկ Արցախում բախվել են ծանր հումանիտար ճգնաժամի եւ լուրջ անվստահության իրենց ապագայի հանդեպ, նշվել է Human Right Watch-ի հաղորդագրությունում։
«Թարմ տեղեկություններ են ստացվում այն մասին, որ մեծ թվով էթնիկ հայեր են հեռացել լեռնային շրջանից՝ այդ շրջանի վերահսկողությունը վերականգնելու Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունից հետո։ Ոմանք, գուցե, չեն կարողանա գնալ Հայաստան, բայց անգամ նրանք, ովքեր կկարողանան, ի՞նչ ճակատագիր է սպասվում նրանց։
Ադրբեջանի վերջին զինված ներխուժումը հաջորդեց ամիսներ տեւած զրկանքներին Լեռնային Ղարաբաղում՝ այն բանից հետո, երբ դեկտեմբերին Ադրբեջանը փակեց կրիտիկականորեն կարեւոր Լաչինի միջանցքը, որը շրջանը կապում է Հայաստանի հետ։ Հունիսի կեսից Ադրբեջանն արգելափակեց բոլոր հումանիտար բեռները, որոնք տեղ էին հասցնում ռուս խաղաղապահներն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)։
Շրջանի բնակչությունը (տասնյակ հազարավոր էթնիկ հայեր) արդեն մի քանի ամիս սննդամթերքի, դեղորայքի, հիգիենայի միջոցների եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաների սուր անբավարարություն էին զգում։ Ադրբեջանի շրջափակումը ներառում էր անգամ Կարմիր խաչին մշտապես խանգարելը անկլավից պացիենտներին դուրս բերելու հարցում։
2020թ. 44-օրյա պատերազմն ավարտվեց անկայուն հրադադարով։ Համաձայնագիրը նախատեսում էր, որ ռուս խաղաղապահ զորքերը ներկա կլինեն Լեռնային Ղարաբաղում եւ կվերահսկեն կարեւոր Լաչինի միջանցքը մինչեւ 2025թ.։ Բայց այս ամենը սկսեց փլուզվել տասն ամիս առաջ՝ 2022թ. վերջին, եւ հիմա նոր մարտական գործողությունները նոր լուրջ սպառնալիք են ներկայացնում։
Երկու կողմերը կարող են անվերջ վիճել այն մասին, թե ով իրավունք ունի վերահսկել այս շրջանը, բայց անմիջական սպառնալիք են Արցախի էթնիկ հայ բնակչության անվտանգությունն ու հումանիտար պահանջմունքները։
Շաբաթ օրվա դրությամբ Ղարաբաղ վերջապես ինչ-որ հումանիտար օգնություն հասավ, բայց չպետք է մոռանալ վիթխարի պահանջմունքների մասին, որոնք կուտակվել են դժվարությունների ամիսների ընթացքում՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմամբ պայմանավորված։
Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, որ մարդկանց բոլոր իրավունքները եւ նրանց անվտանգությունը կպաշտպանվեն, բայց շրջափակման ամիսներից եւ հակամարտության տասնամյակներից հետո դժվար է ընդունել այդ հավաստիացումները։ Անհրաժեշտ է միջազգային մոնիթորինգ, որպեսզի Բաքուն պահի իր խոստումները։
Եթե Ադրբեջանի իշխանությունները հումանիտար պահանջմունքների բավարարման քայլեր չձեռնարկեն, կարելի է եզրակացնել, որ նրանք միտումնավոր փորձում են էթնիկ հայերի կյանքն այնքան անտանելի դարձնել, որպեսզի նրանք փախչելուց բացի այլ ընտրություն չունենան»։