
Ռուսաստանի հայերի միությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Ադրբեջանի հերթական դաժան ագրեսիայի բոլոր զոհերին՝ սգալով Արցախում մեր եղբայրների եւ քույրերի հետ, ովքեր նաեւ Հայաստանի «թավշյա» կառավարության կողմից իրենց նկատմամբ անբարո վերաբերմունքի զոհ են դարձել: Այս մասին ասվում է ՌՀՄ հայտարարության մեջ․
«ՌՀՄ-ն ՝ 2018 թվականից ի վեր աշխարհում եւ Ռուսաստանում հայկական սփյուռքի խոշորագույն կազմակերպությունը, որը հետեւողականորեն հանդես է գալիս հայ ժողովրդի եւ պետության համար վտանգավոր Հայաստանի իշխանությունների քաղաքականության դեմ, այսօր Երեւանում տեղի ունեցողը գնահատում է որպես համազգային զարթոնքի վառ դրսեւորում:
Մենք մեր համերաշխությունն ու զորակցությունն ենք հայտնում նրանց, ովքեր այսօր դուրս են եկել Երեւանի փողոցներ ու հրապարակներ գործող իշխանության փոփոխության պահանջով, որը փորձում է ոտնահարել Հայաստանի Սահմանադրության եւ Անկախության հռչակագրի մեջ դրված արժեքային հիմքերը ՝ դրանով իսկ իրենց դուրս դնելով իրավական դաշտից:
Մենք ողջունում եւ հպարտանում ենք հայ երիտասարդությամբ, որն իր քաղաքացիական կեցվածքով ցույց տվեց, որ իր համար էլ հայրենասիրությունը, ազգային արժանապատվությունը ոչ թե դատարկ ձայն են, այլ սրբազան իդեալներ։
Դատապարտում ենք եւ պահանջում անհապաղ դադարեցնել համազգային բողոքի շարժման մասնակիցների նկատմամբ կիրառվող ցուցադրաբար դաժան ձերբակալման եւ ծեծի միջոցները: Ներկայիս բռնաճնշումները եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ Փաշինյանի կողմից տարբեր հարթակներում հռչակված ժողովրդավարության ձգտումը նույնքան հեռու է իրականությունից, որքան մյուս բոլոր մտացածին հաջողություններն ու ձեռքբերումները։
Հայաստանի ներկա իշխանությունների համար հստակ պետք է լսելի լինի ողջ համաշխարհային Սփյուռքի ձայնը, որը պահանջում է նրանց հրաժարականը։
Այսօրվա իրողությունները թելադրում են համահայկական համախմբման անհրաժեշտություն։ Հայոց պետականության ճակատագրի եւ ապագայի պատասխանատուն ողջ հայ ժողովուրդն է, բոլոր տասը միլիոն հայերը, բոլոր նրանք, ովքեր ավելի քան երեսուն տարի առաջ ստեղծել են անկախ հայկական պետություն եւ այսօր պարտավոր են պահպանել այն»։