News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

ԱՄՆ միջազգային զարգացման գորակալությունը սեպտեմբերի 26-ին կհայտարարի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց լրացուցիչ հումանիտար աջակցություն տրամադրելու մասին, այդ թվում՝ դրամական: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) տնօրեն Սամանթա Փաուերը:

«Վաղը ես կհայտարարեմ լրացուցիչ հումանիտար աջակցություն տրամադրելու մասին: Մենք ապահովելու ենք առաջին անհրաժեշտության նյութեր, վերմակներ, հիգիենայի պարագաներ՝ օգնելու մարդկանց, որոնք հեռացել են ԼՂ-ից եւ այժմ օգնության կարիք ունեն: Մենք պատրաստ ենք սննդամթերք, նաեւ կանխիկ դրամական աջակցություն, իրավական  օգնություն, կացարան ապահովել այն անձանց, որոնք դրա կարիքն ունեն: Մենք սերտորեն աշխատում ենք տեղական իշխանությունների հետ»,-ընդգծեց ամերիկացի պաշտոնյան:

Նրա խոսքով, ԱՄՆ-ն շարունակելու է աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ՝ հետամուտ լինելով խաղաղությանը. «Ապագայի հետ կապված մենք շարունակելու ենք մեր փոխգործակցությունը Հայաստանի  ժողովրդի հետ՝ ժողովրդավարությունն ամրապնդելու, տնտեսական զարգացում ապահովելու ուղղությամբ: Այս հարձակումները չեն կարող վտանգել այն ձեռքբերումները, որ ունեցել է Հայաստանը:

Ես ուզում եմ գովեստով խոսել վարչապետ Փաշինյանի եւ հայ ժողովրդի մասին այն ժողովրդավարական բարեփոխումների կապակցությամբ, որոնք 2018-ից ի վեր գրանցվել են: Կոռուպցիայի դեմ պայքարը, քաղաքացիական հասարակության գործունեության ընդլայնումը, հաշվետվողականություն ապահովելու հարցերը: ՄԱԿ-ի գլխվոր ասամբլեայում ես եւ Բլինքենը ընդունեցինք Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանին մի միջոցառման ժամանակ, որը վերաբերում էր ժողովրդավարությանը: ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել այս զարգացումներին: Մենք աջակցում ենք հակակոռուպցիոն դատարանի, քննչական կոմիտեի զարգացմանը, աշխատում ենք ՀՀ կառավարության հետ՝ բացահայտելու եւ մեղմացնելու բյուրոկրատական այն քաշքշուկները, որ կան բիզնեսի համար»,-ասաց Փաուերը:

Նա ընդգծեց, որ ԱՄՆ-ն 1992-ից 3,3 մլրդ դոլար է հատկացրել Հայաստանին. «Հայաստանը պատմական առաջընթաց է արձանագրել իր անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության ասպարեզներում: Ես ուզում եմ, որ իմանաք, որ նույնիսկ այս ճգնաժամի պայմաններում ունեք բարեկամ ու վստահելի գործընկեր՝ ի դեմս ԱՄՆ-ի»,-ընդգծեց Փաուերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ