
Չինաստանը պատրաստ է գործակցել Եվրամիության հետ՝ համապարփակ ռազմավարական գործընկերությունը նոր մակարդակի հասցնելու համար։ Այս մասին Պեկինում կայացած ԵՄ-ՉԺՀ բարձր մակարդակի տնտեսական և առևտրային երկխոսության 10-րդ փուլում հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենը։
«Չինաստանը պատրաստ է համագործակցել ԵՄ-ի հետ՝ երկու կողմերի ղեկավարների ձեռք բերած կարևոր կոնսենսուսն ամբողջությամբ իրականացնելու, ավանդական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու, գործակցության նոր ոլորտներ ակտիվորեն ուսումնասիրելու, գլոբալ խնդիրները համատեղ լուծելու և Չինաստան-ԵՄ համապարփակ ռազմավարական գործընկերությունը նոր մակարդակի բարձրացնելու համար»,- Հե Լիֆենի խոսքերն է մեջբերում Xinhua գործակալությունը։
Նա նաև հիշեցրել է, որ այս տարի լրանում է Չինաստանի և ԵՄ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատման 20-ամյակը։
Եվրամիությունը Չինաստանի առանցքային առևտրատնտեսական գործընկերներից է։ Չինաստանի մաքսային վարչության տվյալներով՝ հունվար-օգոստոսին չին-եվրոպական ապրանքաշրջանառությունը տարեկան կտրվածքով կրճատվել է 7,8%-ով՝ հասնելով 529,1 մլրդ դոլարի։