
ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախագահ Պյոտր Հոֆմանսկիի, առաջին փոխնախագահ Լուս-Դել Կարմեն Իբանյես Կարանսայի և դատավոր Բերտրամ Շմիտի նկատմամբ, հայտնում է Mediazona-ն։
Ըստ ՆԳՆ կայքի՝ երեքն էլ «հետախուզվում են Քրեական օրենսգրքի հոդվածով»։ Հետախուզման քարտերում մանրամասներ չեն նշվում։
Մարտի 17-ին ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։ Նա կասկածվում է Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաներին ապօրինաբար Ռուսաստան տեղափոխելու մեջ։ Նման որոշում է կայացվել նաև Ռուսաստանի մանկական օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ։
Մայիսին ռուսական իշխանությունները հետախուզում էին հայտարարել ՄՔԴ դատախազ Քարիմ Ահմադ Խանի և դատավոր Ռոզարիո Սալվատորե Այտալեի նկատմամբ: Քննչական կոմիտեն նրանց գործողությունները որակել է գիտակցաբար անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հոդվածներով (ՌԴ Քրեական օրենսգիրք 299) և օտարերկրյա պետության ներկայացուցչի վրա հարձակում նախապատրաստելու հոդվածներով (ՌԴ Քրեական օրենսգրքի 360):