
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնականի տեղակալ Մայքլ Փայլը նամակ է ուղարկել Ուկրաինայի ղեկավարությանը բարեփոխումների ցանկով, որոնք Կիևը պետք է իրականացնի՝ հետագա ռազմական օգնությունը ստանալու համար։ Այս մասին հայտնում է «Ուկրաինսկա պրավդա» պարբերականը՝ հրապարակելով նամակի տեքստը։
«Առաջնահերթ բարեփոխումների ցանկ. Բարեփոխումներ ԱՄՆ-ի օգնության պայմանների շուրջ» վերնագրով փաստաթղթում Կիեւից, մասնավորապես, պահանջում են ազատականացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագները, ինչը, ըստ հեղինակների, պետք է ապահովի «ընկերությունների և օպերատորների ֆինանսական կայունությունը»: Նախատեսվում է նաև մեկ հոգով ընդլայնել «Ուկրէներգո» և «Նավթոգազ» ընկերությունների վերահսկիչ խորհուրդը, սակայն չի նշվում, թե որ երկրների քաղաքացիներ պետք է դառնան խորհրդի նոր անդամները։
Բացի այդ, Կիևին հանձնարարվել է ուժեղացնել Ուկրաինայի հակակոռուպցիոն ազգային բյուրոն, որը պետք է ստանա գաղտնալսման իրավունք և «բացառիկ լիազորություններ՝ հետաքննելու աղմկահարույց կոռուպցիոն դեպքերը»։ Ի հակաշիռ սրա, պետք է բարեփոխվի Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը, որը կշարունակի մնալ հակահետախուզական աշխատանքների, ահաբեկչության և կիբերհանցագործության դեմ պայքարի պատասխանատու:
Ուկրաինայի ղեկավարությանը հորդորել են նաև ընդունել օրինագիծ, որը պետք է վերականգնի բոլոր քաղաքացիական ծառայողների և դատավորների ունեցվածքի պարտադիր հայտարարագրումը: Եթե այն ընդունվի, ըստ հեղինակների, Ուկրաինայի պետական ծառայողներից կպահանջվի հաշվետվություն ներկայացնել ոչ միայն 2022, այլեւ 2021 թվականի համար։ Կիևը պետք է նաև նոր վերահսկիչ խորհուրդ ձևավորի Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության պետական կոնցեռնի ներքո և կառավարական սպառազինությունների գնումները համապատասխանեցնի ՆԱՏՕ-ի ստանդարտներին՝ ապահովելով «պաշտպանության գնումների թափանցիկությունը, հաշվետվողականությունը և մրցակցությունը»:
Վաշինգտոնի պահանջների ցանկում են նաև Ուկրաինայի մաքսային և սահմանային ծառայությունների, ազգային ոստիկանության և պաշտպանության նախարարության բարեփոխումները, տնտեսական անվտանգության բյուրոյի, բարձր հակակոռուպցիոն դատարանի վերակազմավորումը և այլ հարցեր: Նշվում է, որ Կիևը պետք է կատարի իր պարտավորությունները 18 ամսվա ընթացքում։