
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն հուսով է, որ Հայաստանի ղեկավարությունը խելամիտ կգտնվի եւ կպահպանի կազմակերպության կենտրոնների ներկայությունը երկրում, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Պավել Շեւցովը։
«Ես մեծ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը խելամիտ կգտնվի եւ կպահպանի «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի կենտրոնների ներկայությունը»,- ասել է Շեւցովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանում Ռուսաստանի տան աշխատանքը սառեցնելու հավանականություն կա՝ կապված երկրում Ռուսաստանի ազդեցությունը խափանելու փորձերի հետ։
Նա ավելացրել է, որ Հայաստանում եւ Ռուսաստանում շատ մարդիկ կան, որոնք շահագրգռված են երկրների միջեւ հումանիտար հարաբերությունների զարգացմամբ։ «Մենք չենք պատրաստվում հեռանալ այդ գործունեությունից։ Մենք հաջորդ տարվա զարգացման պլան ունենք։ Մենք հուսով ենք, որ ընդհանուր իրավիճակը չի անդրադառնա մեր կենտրոնի գործունեության վրա»,- նշել է նա։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանի բարձրամակարդակ շաբաթի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հայտնել էր, որ Հայաստանում կա ոչ կառավարական կազմակերպությունների հզոր լոբբի, որոնք փորձում են խափանել Ռուսաստանի ազդեցությունը երկրում։