
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ` օգնության հասնելու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին։
ՀՀ առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման։
Հիշեցնենք` Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Սոցիալական ցանցերում տեսանյութեր էին հայտնվել, որտեղ երևում էր հզոր պայթյունը։ Նշվում էր, որ 100 տոննա տարողությամբ ցիստեռն է պայթել։
ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» ԲՄ, Իվանյանի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։
Նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։
Ցավոք սրտի, 7 հիվանդի կյանք հնարավոր չէր փրկել և նրանք մահացել են հիվանդանոցում։
Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։
Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։