
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին մեկը մյուսի հետեւից մոտենում են մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաներ՝ լի հարկադրյալ տեղահանվածների ընտանիքներով, որոնք փախչում են Արցախից, գրել է AFP-ն։
Սահմանն արդեն հատել է 13 350 մարդ, տեղեկացրել են հայ պաշտոնատար անձինք երեքշաբթի առավոտյան, եւ առաջիկա օրերին եւս մի քանի հազար մարդ է սպասվում։
«Մենք պարզապես մեր ընտանիքներին չենք սպասում... Մենք սպասում ենք ողջ Արցախին»,- ասում է ազգականներին սպասող մի տղամարդ սահմանակետում։
«Ինչպե՞ս վերադառնանք։ Մեր Արցախն այլեւս չկա։ Օգնություն չկա ոչ մի երկրից, ոչ մի երկիր մեր օգտին հանդես չի եկել»,- ավելացնում է շատերից մեկը՝ Գրիգորը, որն անհամբեր սպասում է հարազատներին։
Ճամփորդությունից հոգնած փախստականները գրանցվում են Կարմիր խաչի վրաններոմ, որտեղ նրանց ուտելիք եւ խմելիք են տալիս տարածաշրջանի քաղաքներ ուղարկելուց առաջ։ Սահմանից մոտ 25 կիլոմետր հեռու Գորիս լեռնային քաղաքն է, ընդունել է հազարավոր փախստականների։
Բայց Գորիսն ընդամենը սկզբնակետն է փախստականների համար։ Շատերը մոլորվել են՝ չիմանալով հետո ուր գնան, դեռ ցնցման մեջ են եւ սգում են այն ամենի համար, ինչ թողել են հետեւում։
«Մենք վերցրինք երեխաներին եւ հեռացանք մեր տներից, որպեսզի գանք այստեղ, ապաստան գտնենք»,- ասում է Ռոդմիլան՝ արցունքները զսպելով։ «Մեր ազգը վաճառվեց կառավարության կողմից, որը չգիտի, թե ինչ է անում»։
Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ պատրաստ է ընդունել 40 000 տեղահանված ընտանիքների, եւ բարեգործական կազմակերպությունները շուրջօրյա աշխատում են, որպեսզի հասնեն դրան։ «Մենք մեզ ճնշված ենք զգում, իրավիճակը ծանր է»,- ասում է բարեգործական կազմակերպության աշխատակցուհի Դիանան։ «Շատ փախստականներ են գալիս, եւ ես չեմ կարծում, թե մեր երկիրը պատրաստ է դրան»։
«Եղբայրս ծանր վիրավոր է, նրան տեղափոխել են Երեւան։ Բայց, բարեբախտաբար, ամուսնուս, երեխաների սհետ կարողացանք տեղ հասնել։ Բաներ ենք տեսել, որոնք անգամ նկարագրել չեմ կարող. ինչպե՞ս դրանից հետո ապրենք ադրբեջանցիների հետ միասին»,- Politico-ին պատմել է ստեփանակերտցի 36-ամյա բուժքույր Լիանան։
Գենադի Հյուսունցը հիվանդանոցից տուն էր տարել չորս օրական տղային։ Մի քանի ժամվա ընթացքում նա ստիպված է եղել կնոջը, նորածին որդուն եւ իր մյուս վեց երեխաներին տանել պատսպարան հայրենի Մարտակերտում։ Այնտեղ նրա կերակրող կինն ու ընտանիքը անսնունդ ու անքուն օրեր են անցկացրել լեփլեցուն նկուղում, մինչեւ որ նա գնացել է ճակատի գիծ՝ հայրենիքի հուսահատ պաշտպանության շրջանակում։
Հյուսունցը մեկն է ավելի քան 6 000 փախստականներից, որոնք հեռացել են Արցախից կիրակի օրվանից, նա ասել է, որ որդին առողջ է՝ չնայած ծանր փորձություններին։ Բայց նրա դեմքը մթագնում է, երբ հարցնում են ծառայության կարճ ժամկետի մասին, երբ ծառայում էր մինչեւ Արցախի պաշտպանության ուժերի՝ զենքը վայր դնելը։ «Չեմ կարող խոսել այդ մասին»,- մռայլ ասում է նա Guardian-ի լրագրողների հետ զրույցում։
Հազարավոր փախստականների տեղավորելուց հետո սահմանամերձ քաղաքները, թերեւս, լիքը լցվելու սպառնալիքի տակ են հայտնվում. քաղաքային հյուրանոցները եւ հանրակացարանները տեղ չունեն, իսկ փախստականները խմբվում են վարչական կենտրոնների շուրջը՝ իրենց ողջ ունեցվածքը կապելով մեքենաների տանիքներին։
Երկու տարեց հաշմանդամների դուրս են բերում շտապօգնության մեքենայից եւ ներքնակների վրա տեղափոխում տեղի վարչության շենք, որտեղ նրանք միանում են հարյուրավոր այլ մարդկանց, որոնք գրանցվել են որպես հարկադրյալ տեղահանվածներ։
Երբ երկուշաբթի ուժեղ անձրեւ սկսվեց, երիտասարդ մի աղջիկ հեկեկում էր Գորիսի կենտրոնում՝ մոր ծնկներին հենված, երբ նրանք կանգնած էին փողոցի անկյունում՝ պլաստիկե տոպրակը ձեռքներին։
«30 տարի սարքել եմ տունս, եւ միակ բանը, որ վերցրել եմ հետս, այս պայուսակն է»,- ասում է նա։ «Իմ տունն այս պայուսակի մեջ է։ Նրանք պետք է շատ ուրախ լինեն, որ մենք հեռանում ենք, որովհետեւ նրանց ենք թողել մեր տները»։
«Իմ հարստությունն ինձ հետ է»,- ասում է Հյուսունցը՝ նկատի ունենալով իր երեխաներին։ «Մնացածն ինձ չի հուզում»։