
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) տնօրեն Սամանթա Փաուերը եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմն արդեն Սյունիքում են։ Գորիսում նրան դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային ուղեկցում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։
Նշենք, որ նախօրեին՝ սեպտեմբերի 25-ին, Հայաստան են ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը եւ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը։
Նրանք երեկ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Փաուերը նաեւ ասուլիս է տվել ԱՄՆ դեսպանատանը:
Ըստ ԱՄՆ դեսպանության հաղորդագրության, նրանք ժամանել են հաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին բռնություններից բխող հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ։
Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում արժանապատիվ ու տևական խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին։
Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի մասին հաղորդումներով և կոչ է անում անարգել մուտք ապահովել միջազգային հումանիտար կազմակերպությունների և կոմերցիոն փոխադրումների համար։