News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Չին-հայկական հարաբերություններն առողջ զարգացմամբ են բնութագրվում. երկու երկրների պետական ղեկավարները սերտ կապեր են պահպանում, խորանում է քաղաքական փոխվստահությունը, համագործակցությունն առեւտրի եւ տնտեսության ոլորտներում ընդլայնվում է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՇՀԿ Բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության կոմիտեի գլխավոր քարտուղար Չժեն Վեյը։

Նրա խոսքով՝ Չինաստանի եւ Հայաստանի միջեւ զարգանում է ավանդական բարեկամություն. «Տասը տարի առաջ, 2013թ. սեպտեմբերին Բիշքեկում տեղի ունեցող ՇՀԿ գագաթաժողովում Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարեց Բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության չինական կոմիտեի ստեղծման մասին։ Այս տարի կոմիտեն նշում է իր 10-ամյակը։ Նյու Դելիում այս տարվա հուլիսին կայացած ՇՀԿ գագաթաժողովում նախագահ Սին հանդես եկավ կարեւոր ծրագրային ելույթով, որտեղ շեշտադրեց հումանիտար փոխանակման եւ ժողովուրդների միջեւ փոխըմբռնմանն աջակցելու ջանքերը։ Սա կոմիտեի աշխատանքի գլխավոր ուղղությունն  է, ինչպես նաեւ մեր այցի նպատակը»։

Չժեն Վեյի խոսքով՝ վերջին 3 տարում ՇՀԿ Բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության չինական կոմիտեն՝ «Չինաստան-Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհրդի եւ ՇՀԿ այլ երկրների գործընկերների հետ միասին, հետեւելով փոխադարձ խորհրդակցությունների, համատեղ կառուցման եւ ընդհանուր օգտագործման սկզբունքները, ձգտում է  խորացնել բարիդրացիությունը, բարեկամությունը եւ համագործակցությունը, միջազգային հանրությանը տրամադրել ժողովրդական դիվանագիտության նոր նախագիծ ՇՀԿ շրջանակում։ «Շանհայի ոգու» (փոխադարձ վստահություն, փոխադարձ շահ, իրավահավասարություն, խորհրդակցություն, հարգանք քաղաքակրթությունների տարատեսակության հանդեպ, ընդհանուր զարգացման ձգտում) հովանու ներքո համատեղ ուժերով ընդլայնվում է համագործակցությունը հանրային դիվանագիտության ուղիով՝ ի բարօրություն ՇՀԿ երկրների բոլոր ժողովուրդների»։

«Չինաստան-Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհուրդը, նրա խոսքով, նոր հորիզոն է բացում ուղեղային կենտրոնների փոխանակման եւ հումանիտար համագործակցության համար. «Մենք ամեն տարի  հանդիպում ենք միջազգային համաժողովում, խորապես ուսումնասիրում միջազգային իրադրությունը փորձագետների հետ, մենք պատրաստ ենք հետագայում եւս գործընկերների հետ միասին վերլուծել հրատապ թեմաներն աշխարհի եւ զարգացման վերաբերյալ, միասին կառուցել տարբեր քաղաքակրթությունների խաղաղ ու ներդաշնակ համակեցություն, համատեղ ջանքերով կառուցել ՇՀԿ ժողովուրդների հիանալի ապագան»։

Չժեն Վեյի գնահատականով՝   չին-հայկական հարաբերությունները բնութագրվում են առողջ զարգացմամբ. «Երկու երկրների պետական ղեկավարները սերտ կապեր են պահպանում, խորանում է քաղաքական փոխվստահությունը, համագործակցությունն առեւտրի եւ տնտեսության ոլորտում ընդլայնվում է։ Երկու երկրների ժողովուրդները ընդհանուր ջանքեր են ուղղում պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ։ Մենք խորապես համոզված ենք երկկողմ հարաբերությունների եւ բոլոր ոլորտներում համագործակցության հեռանկարի հարցում»։

Վերջին տարիներին բոլոր երկրների գործընկերների, այդ թվում «Չինաստան-Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհրդի աջակցությամբ Բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության չինական կոմիտեն, ինչպես նշել է Չժեն Վեյը, իրականացրել է ժողովրդական դիվանագիտության համաժողով, Բժշկական նորարարությունների եւ համագործակցության միջազգային համաժողով, Երիտասարդայան գիտատեխնիկական նորարարական համաժողով, Կանանց կրթության եւ աղքատության կրճատման համաժողով, Մայրության եւ մանկության պահպանման համաժողով, Աղքատության կրճատման եւ կայուն զարգացման համաժողով, Չինաստան-Կենտրոնական Ասիա համագործակցության համաժողով, ինչպես նաեւ ԶԼՄ-ների փոխանակումներ, երիտասարդ առաջնորդների Չինաստան կատարած այցելություններ եւ այլ միջոցառումներ, աջակցել է կատարակտայի անվճար վիրահատությունների իրականացմանը  ՇՀԿ երկրներում, լիովին օգտագործել է ժողովրդական դիվանագիտության առավելությունները եւ ստեղծել պլատֆորմ ՇՀԿ շրջանակում գործնական համագործակցության համար։

«Բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության չինական կոմիտեն մեծ ուշադրություն է հատկացնում կանանց եւ երեխաների իրավունքների եւ շահերի պաշտպանությանը, աջակցում է կանանց աշխատանքով ապահովելուն,  նրանց զարգացմանը, օգնում է երեխաների եւ երիտասարդների զարգացմանը, իրականացնում ՇՀԿ երկրների մանկական նկարների ցուցահանդեսներ, մարզական միջոցառումներ, ինչպես նաեւ ամառային ճամբարներ։ Բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության չինական կոմիտեն նպաստում է երիտասարդների փոխանակմանը եւ այցելություններին, նորարարություններին եւ գործարարությանը, մասնագիտական պատրաստմանը եւ այլն, որպեսզի զարգացնի կադրեր երկրի բարգավաճման համար։ Այս տարի լրանում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության 10 տարին։ Կոմիտեն պատրաստ է հայ գործընկերների հետ միասին կիսել չինական արդիականացման նվաճումները, զարգացնել «Շանհայի ոգին», միավորել հանրության բոլոր շրջանակների ջանքերը, ինչպես նաեւ խորացնել համագործակցությունն առողջապահության, ավանդական բժշկության, գիտության եւ տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի, տուրիզմի, աղքատության դեմ պայքարի եւ կանաչ զարգացման ոլորտներում՝ հանուն ժողովրդական դիվանագիտության առաջմղման, համատեղ զարգացման  եւ բարգավաճման»,- ամփոփել է Չժեն Վեյը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ