News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը հանդիպել են կրթության ոլորտում արդյունավետ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մեկտեղելու ջանքերը և առավել արդյունավետ դարձնելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության կազմակերպումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարությունից:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ արդեն իրականացվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կարիքների գնահատում,, և միջգերատեսչական համագործակցության արդյունքում վերհանված խնդիրներին տրվելու են համապարփակ լուծումներ:

«Այս պահին առաջնահերթ է ապահովել դպրոցականների կրթության շարունակականությունը․ երեխաները կարող են հաճախել իրենց՝ այս պահի փաստացի բնակության վայրի մոտակա դպրոցը։ Նրանք արագ պետք է ընդգրկվեն ուսումնական գործընթացում՝ անկախ դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից։ Բոլոր դպրոցականները կունենան անհրաժեշտ դասագրքեր և ուսումնական նյութեր։ Ուսումնարանների, քոլեջների և բուհերի ուսանողները ևս, ըստ իրենց մասնագիտությունների, ուսումը կշարունակեն ՀՀ ուսումնական հաստատություններում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Կարևորելով կազմակերպությունների իրականացրած աշխատանքները և օգնելու, աջակցելու պատրաստակամությունը՝ նախարարը միաժամանակ ընդգծել է, որ  այս գործընթացներում ամենակարևորը երեխաների անձնական տվյալների գաղտնիության պահպանումն է։

«Մենք պետք է հետևողական լինենք, որ բռնի տեղահանված երեխաները դուրս չմնան ուսումնական գործընթացից և իրացնեն կրթություն ստանալու իրենց իրավունքը: Բոլորս ակտիվ ներգրավված պետք է լինենք այս աշխատանքներում և իրազեկված՝ ինչ խնդիրների են նրանք բախվում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների աջակցության խնդրին։ 

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տարածքային մարմինների ներկայացուցիչները պարբերաբար այցելում էին նմանօրինակ ընտանիքներին՝ հասկանալու, թե վերոնշյալ երեխաներն ինչպիսի աջակցության կարիք ունեն, փորձում էին լուծումներ գտնել:

«Այս օրերին ևս պետք է շարունակել նմանատիպ աշխատանքները»,- ասել է նախարարը:

Հաշվի առնելով մեր երկրում ստեղծված իրադրությունը՝ ԿԳՄՍ նախարարը ներկաներին տեղեկացրել է, որ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին և առաջարկել իրենց ջանքերն ուղղել բռնի տեղահանված մեր հայրենակիցների օգնության կազմակերպմանը. «Առաջարկվել է դիտարկել բուհերի ուսանողներին և աշխատակիցներին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ձևավորված կամավորների շտեմարաններում ընդգրկելու հնարավորությունը: Ուսանողները կարող են ներգրավվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին անհրաժեշտ սոցիալական աջակցության տրամադրման համար իրականացվող գործընթացներում՝ սկսած մարդկանց կարիքների գույքագրումից, անհրաժեշտ տեղեկատվական և այլ կարգի աջակցությունից մինչև մասնագիտական աշխատանքներ»:

Նախարարը նաև առաջարկել է համատեղ ջանքերով ստեղծել հարթակ, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները, մարզիչները, մշակույթի բնագավառի մասնագետները հնարավորություն ունենան տեղեկանալու մասնագիտական թափուր աշխատանքների մասին: Մասնավորապես դպրոցներում առկա ուսուցիչների թափուր աշխատատեղերի բոլոր հայտարարությունները հրապարակված են ԿԳՄՍ նախարարության կայքում:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև հոգեբանական աջակցության ծրագրեր իրականացնելու կարևորությունը, քանի որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները՝ հատկապես երեխաները, այս պահին ամենաշատը դրանց կարիքն ունեն:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց ծրագրերը, որոնք տարաբնույթ են՝ կարիքների գնահատում, խնամք, հոգեբանական աջակցություն, ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություններ, արտադասարանական խմբակներ, կրթամշակութային նախագծեր, աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչներին և այլն։

Ամփոփելով խոսքը՝  նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպման մասնակիցներին առաջարկել է ծրագրերը ներկայացնել գրավոր՝ ըստ ուղղվածության, համայնքների և այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ