
Վերջին շաբաթվա իրադարձությունները բանավեճ են առաջացնում Ադրբեջանի նկատմամբ Եվրոպայի քաղաքականության խորը վերագործարկման անհրաժեշտության շուրջ։ Խոսքը Ղարաբաղի մասին է, գրում է Կարնեգի եվրոպական կենտրոնի փորձագետ Թոմաս դե Վաալը:
«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական ուժ կիրառեց Լեռնային Ղարաբաղի հայաբնակ տարածքը վերադարձնելու համար, հատեց ինչպես Եվրոպական Միության, այնպես էլ Միացյալ Նահանգների կողմից իր համար գծված կարմիր գծերը։ Հարյուրավոր զոհեր կան։ Վախենալով իրենց ապագայի համար ՝ հազարավոր ղարաբաղցի հայեր այժմ զանգվածային ողբերգական արտագաղթ են իրականացնում իրենց հայրենիքից դեպի Հայաստան։
Բրյուսելում եւ Վաշինգտոնում շատերն իրենց ցնցված եւ խաբված են զգում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից։ Մինչեւ վերջին րոպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հավաստիացնում էր բարձրաստիճան զրուցակիցներին, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, որ ինքը ռազմական գործողություն չի սկսի:
ՄԱԿ-ում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն այս մասին առավել հստակ հայտարարել է. «Բաքուն խախտել է ուժի կիրառումից զերծ մնալու իր բազմակի հավաստիացումները՝ մեծ տառապանքներ պատճառելով առանց այդ էլ ծանր կացության մեջ գտնվող բնակչությանը»։
Բացի այդ, Ադրբեջանը բանակցային սեղանի շուրջ ստացավ գրեթե այն ամենը, ինչ ցանկանում էր։ Տարիներ շարունակ փակուղուց եւ բազմաթիվ երկիմաստություններից հետո Ղարաբաղի հայերը համաձայնեցին բանակցել Բաքվի հետ, ինչը կհանգեցներ Ադրբեջանին որոշակի ինտեգրման մասին համաձայնության: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացել է միջազգային նորմերին՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղը:
Բաքուն հայտարարում է, որ լիովին վերահսկում է տարածաշրջանը, եւ որ մնացած հայերը վախենալու ոչինչ չունեն։ Սակայն սուր էթնիկ հակամարտություններն այդպես չեն ընթանում, երբ զինված խմբավորումները շարժվում են դեպի քաղաքացիական շրջաններ։
Մերժելով տարածաշրջան միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու փորձերը՝ Բաքուն մեծ պատասխանատվություն է կրում։ Թվային դարաշրջանում այնքան էլ հեշտ չէ թաքցնել պատերազմական հանցագործությունները: Եթե վայրագությունները հաստատվեն կամ մնացած ղարաբաղցիները ենթարկվեն դաժան վերաբերմունքի, ապա պետք է լինեն համապատասխան հանցագործներին դատական հետապնդման կոչեր, ինչպես նաեւ գործերի քննություն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Դրա աշխարհաքաղաքական հետեւանքները նույնպես զգալի են։
Այն փաստը, որ արեւմտյան խաղացողները ապշած էին, ամրապնդում է այն ենթադրությունը, որ Ալիեւը նախապես համաձայնեցրել է իր ռազմական հարձակումը Մոսկվայի հետ եւ ավելի սերտ կապի մեջ է մտնում Ռուսաստանի հետ:
Սա առավել արդիական է, քանի որ հաջորդ մեծ հարցը Հայաստանի տարածքով դեպի ադրբեջանական էքսկլավ Նախիջեւան նախատեսվող տրանսպորտային երթուղին է։ Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան ընդհանուր հետաքրքրություն ունեն պարտադրելու իրենց սեփական վարկածը, ինչը վերջին երկուսն անվանում են «Զանգեզուրի միջանցք», այդ երթուղու նկատմամբ Հայաստանի հնարավորինս քիչ վերահսկողությամբ եւ, հնարավոր է, ուժի կիրառմամբ:
Ալիեւը նաեւ սկսել է օգտագործել «Արեւմտյան Ադրբեջան» տերմինը՝ նկարագրելու Հարավային Հայաստանը, որը հայտնի է նաեւ որպես Զանգեզուր, որտեղ քսաներորդ դարի սկզբին ապրում էր զգալի ադրբեջանական բնակչություն: Անցյալ տարվա դեկտեմբերին նա նախանշել էր «արեւմտաադրբեջանական համայնքի» ստեղծումը եւ հայտարարել, որ «նրանք պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենի հողեր»։
Ալիեւը հստակեցրել է, որ այդ վերադարձը տեղի կունենա «խաղաղ ճանապարհով»։ Բայց որքանո՞վ են լուրջ այդ հավաստիացումները Ղարաբաղում տեղի ունեցածից հետո։
2022 թվականի հուլիսին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը մեկնեց Բաքու, ԵՄ «գործընկեր» Ադրբեջանի հետ գործարք կնքեց ԵՄ գազի լրացուցիչ ծավալներ մատակարարելու շուրջ՝ անգամ հրապարակավ չարտասանելով «հակամարտություն», «խաղաղություն» կամ «Հայաստան» բառերը։
Ադրբեջանը միշտ լինելու է տրանսպորտային հանգույց, բայց կա երկու նրբություն. նախ, փորձագետները գալիս են այն եզրակացության, որ ԵՄ գազային համաձայնագիրը դժվար թե ապահովի խոստացված գազի մեծ ծավալների մատակարարումները. ամեն դեպքում դա նվազող ակտիվ է «կանաչ» տնտեսությանն անցնելու գործընթացում: Ավելի քան 3 կամ 4 միլիարդ խորանարդ մետր արտահանման մակարդակին հասնելու համար անհրաժեշտ կլինի արդիականացնել ենթակառուցվածքները եւ ընդունել այն հաճախ անտեսված փաստը, որ Ռուսաստանն ու Իրանը նույնպես շահագրգիռ կողմեր են Հարավկովկասյան գազատարի հարցում:
Երրորդ, Չինաստանից Կենտրոնական Ասիայով դեպի Եվրոպա Հարավային Կովկասով անցնող «Միջին միջանցքի» երթուղին մի քանի երկրներ ընդգրկող երթուղի է, որին մասնակցում է նաեւ Հայաստանը: Աշխատանքի համար նրան անհրաժեշտ է տարածաշրջանային համագործակցություն, եւ գրեթե հաստատ ֆինանսավորում արեւմտյան կառավարությունների եւ միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից:
Կարճ ասած՝ ժամանակն է, որ ԵՄ-ն ավելի կոշտ բանակցություններ վարի Ադրբեջանի հետ»,-գրում է Թոմաս դե Վաալը։