
ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակից տուժած բնակչությանը օգնություն տրամադրելու հարցում: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի Ժնեւյան կենտրոնակայանի պաշտոնական ներկայացուցիչ Ալեսանդրա Վելուչին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«ՄԱԿ-ը շատ ուշադիր հետեւում է դեպի Հայաստան զանգվածային տեղաշարժերին, եւ մենք շատ մտահոգված ենք տեղի ունեցածով։ Մենք պատրաստ ենք ... գնահատել մարդասիրական կարիքները եւ օգնություն տրամադրել տուժած մարդկանց... Մենք պատրաստ ենք աջակցել օգնության ջանքերին»,-ասել է Վելուչին Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Դրա հետ մեկտեղ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Շաբիա Մանտուն կոչ է արել բոլոր կողմերին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ստիպել քաղաքացիական բնակչությանը լքել իրենց տները եւ ապահովել բնակիչների անվտանգությունը: