
Իսրայելի զբոսաշրջության նախարար Խաիմ Կացը ժամանել է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) հանդիպմանը, հայտնում է The Jerusalem Post-ը։
Ըստ պարբերականի՝ Կացը դարձավ առաջին իսրայելցի նախարարը, ով այցելեց արաբական թագավորություն՝ պաշտոնապես հայտարարված այցով։ Սաուդյան Արաբիայում Իսրայելի նախարարության ղեկավարը նախատեսում է մասնակցել մի շարք միջոցառումների և հանդիպել այլ երկրների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի երկրների իր գործընկերների հետ։ «Զբոսաշրջությունը կամուրջ է երկրների միջև։ Ես կաշխատեմ համագործակցության վրա՝ զարգացնելու իսրայելական զբոսաշրջությունը և Իսրայելի միջազգային հարաբերություններն այլ երկրների հետ», - մեջբերում է հրատարակությունը Կացի խոսքերը։
Հրատարակությունը նշում է, որ Իսրայելի զբոսաշրջության նախարարի այցը տեղի է ունեցել հրեական պետության և Սաուդյան Արաբիայի միջև շարունակվող մերձեցման ֆոնին։
Օգոստոսին The Wall Street Journal-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաների աղբյուրներին, հայտնել էր, որ Վաշինգտոնը և Էր Ռիադն, ընդհանուր առմամբ, համաձայնության են եկել Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման գործարքի պայմանների շուրջ: Հրատարակության համաձայն՝ համաձայնագրերը ներառում են Սաուդյան Արաբիայի կողմից Իսրայել պետության ճանաչումը՝ պաղեստինցիների հանդեպ զիջումների, ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքների և խաղաղ ատոմային էներգետիկայի ոլորտում օգնության դիմաց։ Թերթի աղբյուրները կարծում են, որ հնարավոր համաձայնագրի մանրամասները կհամաձայնեցվեն առաջիկա 9-12 ամիսների ընթացքում։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական բանավեճում ելույթ ունենալիս Նեթանյահուն ասել է, որ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան ավելի են մոտենում հարաբերությունների կարգավորմանը։ Մի քանի օր առաջ Fox News-ին տված հարցազրույցում նման կարծիք էր հայտնել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը։