
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի մեծ թվով բնակիչների Հայաստան տեղափոխման շուրջ ստեղծված իրավիճակով, կազմակերպությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ֆարհան Հակը։
«Գլխավոր քարտուղարը շատ մտահոգված է տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանքով մարդկանց տեղափոխությամբ դեպի Հայաստան։ Կարևոր է, որ տեղահանված բնակչության իրավունքները պաշտպանված լինեն, և նրանք ստանան իրենց անհրաժեշտ մարդասիրական օգնությունը, ինչպես նաև պաշտպանությունը փախստականների մասին միջազգային իրավունքի համաձայն», - ասել է նա:
«Այս պահին մենք մարդասիրական աշխատանքով չենք զբաղվում։ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի գրասենյակի և փախստականների հարցերով վարչության ներկայացուցիչները, այնուամենայնիվ, այնտեղ են՝ Հայաստանի հարավում, ուր գնում է տեղահանված բնակչության մեծ մասը»,- շարունակել է նա։- «Ինչ վերաբերում է այն հարցին, թե որտեղից է այն շարժվում, որքան գիտեմ, այնտեղ կան ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներ»: