
ԱՄՆ-ն ակնկալում է մեկ տարվա ընթացքում սկսել հիպերձայնային զենքի արտադրությունը։ Այս մասին հայտարարել է ձեռքբերումների եւ լոգիստիկայի հարցերով պաշտպանության փոխնախարար Բիլ Լապլանտը։
«Եթե դուք հարց տաք՝ արդյոք մենք արդեն սկսել ենք հիպերձայնային զենք արտադրել մեր երկրում, ապա պատասխանը «ոչ» է։ Մենք հույս ունենք (սկսել դրա արտադրությունը) մեկ տարվա ընթացքում»,- ասել է ամերիկյան գերատեսչության ղեկավարի տեղակալը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում։
Պենտագոնի պաշտոնյաները վերջին երեք տարիների ընթացքում բազմիցս խոստովանել են, որ ԱՄՆ-ն զիջել է Ռուսաստանին և Չինաստանին հիպերձայնային զենքի արտադրության հարցում: Մարկ Էսպերը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, 2020 թվականի դեկտեմբերին նշում էր, որ Միացյալ Նահանգներն այս ոլորտում հայտնվել է հետապնդողի դերում: