
Ինդոնեզիան բացել է ջերմոցային գազերի (CO2) արտանետումների քվոտաների առևտրի առաջին բորսան։ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել է Ֆինանսական ծառայությունների մարմնի վերահսկողության ներքո Ինդոնեզիայի ֆոնդային բորսայում առևտուր անցկացնելու մասին, գրում է Bloomberg-ը։
Երկրի ղեկավարը վստահ է, որ ածխածնային վարկերի առևտուրը երկրին թույլ կտա իր ներդրումն ունենալ կլիմայական ճգնաժամի դեմ պայքարում։ Բորսայի առևտրային ներուժը, ըստ Վիդոդոյի, հասնում է 194 միլիարդ դոլարի։ Առևտուրը սկսվել է սեպտեմբերի 26-ին տասնհինգ գործարքով, որը CO2-ի համարժեքով կազմում է 459 հազար տոննա: Դրա փոխարժեքն առուվաճառքի առաջին օրվա ընթացքում 69,6 հազար ինդոնեզական ռուփիից (4,51 ԱՄՆ դոլարին համարժեք) հասել է 77 հազար ռուփիի։