
Նիգերում Ֆրանսիայի դեսպանին չորեքշաբթի վաղ առավոտյան դուրս են բերել երկրից, նրա վտարման մասին կառավարության կարգադրությունից մոտ մեկ ամիս հետո, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Հուլիսյան հեղաշրջումից հետո իշխանությունը զավթած խունտան օգոստոսի վերջին հրամայել էր Ֆրանսիայի դեսպան Սիլվեն Իտեին հեռանալ երկրից 48 ժամվա ընթացքում՝ ի պատասխան այն բանի, որ Ֆրանսիայի գործողությունները համարվել էին «Նիգերի շահերին հակասող»։
Բայց հրամանը սկզբում անտեսվել էր Ֆրանսիայի կողմից, որը հրաժարվել էր ճանաչել հեղաշրջման ղեկավարներին, ինչն առաջ էր բերել ամենօրյա ցույցեր Ֆրանսիայի դեսպանության առջեւ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս շաբաթ հայտարարել էր, որ Իտեն ու նրա աշխատակիցները փաստացի պատանդ են դարձել դեսպանատանը։
Հանգստյան օրերին Մակրոնը հայտարարել էր, որ դեսպանը կվերադառնա Ֆրանսիա։ Նա նաեւ հայտարարել էր Նիգերից 1 500 ֆրանսիացի զինվորներին դուրս բերելու մասին։