Մոսկվան հուսով է, որ Երեւանում կլսեն իր ազդանշանները եւ դրանք կընկալեն պատշաճ ձեւով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ՌԴ ԱԳՆ վերջին հայտարարությանը Երեւանի արձագանքի մասին հարցին՝ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 24-ի ուղերձի հետ։
«...Ես կարծում եմ, որ անգամ խուլը կլսեր, դա միայն Մոսկվայի արձագանքի հարցը չէ, դա ընդհանուր առմամբ այն արձագանքի հարցն է, որը տարածվել է ամբողջ աշխարհով...
Ինչ վերաբերում է շփումներին, դրանք տարբեր մակարդակներում շարունակվում են, եւ մենք ակնկալում ենք, որ մեր ազդանշանները կլսվեն եւ կընկալվեն պատշաճ ձեւով...
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի եղել դրանց սրման նախաձեռնողը, արել է առավելագույնը հայ ժողովրդին աջակցելու համար ամենադժվար իրավիճակներում, այդպես կլինի նաեւ այսուհետեւ։
Մենք ելնում ենք այն բանից, որ բոլոր պայմանավորվածությունները երկկողմ համագործակցության զարգացման գծով այսուհետ եւս կկատարվեն երկու երկրների ժողովուրդների շահերից ելնելով»,- ասել է նա։