Եթե չես կարողանում բերել նոր դաշնակից, մի վարիր այնպիսի քաղաքականություն, որ ձեռք բերես քո ամենադաժան հակառակորդին՝ ի դեմս Մոսկվայի։ Եթե որևէ մեկը չի հասկանում, թե ինչպիսի հակառակորդ կարող է լինել Ռուսաստանը, կարող է ուկրաինացիներից հարցնել, որոնք նրանց արյունակիցն են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասած վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Քանի դեռ Արցախում կա հայ, այն կորցնելու մասին խոսույթը պետք է բացառել։ Ակհայտորեն ընթանում են Ռուսաստան-Բաքու, հավանաբար նաև այլ խաղացողների հետ բանակցություններ, որոնցից կախված կլինի վերջին մնացածների ճակատագիրը։ Ակնհայտ է, որ բնակչության մի մասը դուրս է գալու, բայց չեմ բացառում, որ Մոսկվան փորձի բնակչության մի մասին պահել, որովհետև եթե ամբողջ բնակչությունը դուրս է գալիս, նրանց հետ միասին պետք է դուրս գան նաև ռուս խաղաղապահները․ այս պահին դեռ չեն հնչում ազդակներ այն մասին, որ Մոսկվան դրան պատրաստ է»,- ասաց նա։
Վերլուծաբանի խոսքով՝ խաղաղապահների դուրս գալու դեպքում Հայաստանում առաջանալու է ռուսական ռազմաբազայի լինել-չլինելու խնդիրը․ «Սակայն, եթե անկեղծ լինենք, անկախ Ռուսաստանի պահվածքից՝ Հայաստանն այնքան է կախված նրանցից, որ որևէ սթափ իշխանություն չի դնի բազայի դուրսբերման հարցը, բայց պետք է հասկանանք, որ գործ ունենք Հայաստանի ոչ սթափ իշխանությունների հետ, որոնք, ինչպես տեսնում ենք այս տարիների ընթացքում, կարող են անել քայլեր, որոնք չեն բխում Հայաստանի շահերից։
Այն, որ Մոսկվան իր բազմաթիվ դաշնակցային պարտավորություններ չի կատարել, փաստ է։ Բայց փաստ է նաև այն, որ չկա մեկը, որ կգա և կլուծի հայ ժողովրդի անսպառ խնդիրները։
Դրան զուգահեռ՝ Հայաստանը թե՛ տնտեսապես, թե՛ այլ հարթություններում շատ խորքային կախված է Մոսկվայից․ եթե նրանց պետք լինի, այստեղ կարող են շատ հանգիստ սով առաջացնել, այնպիսի իրավիճակ, որ այն, ինչ տեսնում ենք Արցախում, ծաղիկներ երևան։ Դրա համար բազմաթիվ անգամ բացատրել եմ, որ եթե չես կարողանում բերել նոր դաշնակից, մի վարիր այնպիսի քաղաքականություն, որ ձեռք բերես քո ամենադաժան հակառակորդին՝ ի դեմս Մոսկվայի։ Եթե որևէ մեկը չի հասկանում, թե ինչպիսի հակառակորդ կարող է լինել Ռուսաստանը, կարող է ուկրաինացիներից հարցնել, որոնք նրանց արյունակիցն են»։
Դրա համար, ըստ Կիվիրյանի, պետությունների ղեկավարները ոչ թե պետք է առաջնորդվեն էմոցիաներով, այլ փորձեն խուսափել վտանգներից, չտանեն իրենց ազգը կործանման ընդամենը ֆիքսելու համար, թե հակառակորդ ինչ դաժան է․ «Օրինակ 200 տարի է՝ հայ ազգը փորձում է հայի արյան գնով աշխարհին ապացուցել, թե թուրքն ինչ դաժան է։ Աշխարհին դա չի հուզում, խելք ունեցիր, խուսափիր դրանից»։
Վերլուծաբանի կարծիքով՝ Հայաստանի իշխանություն-Ռուսաստան լեզվակռվի հիմնական առանցքն այն է, որ երկու կողմն էլ փորձում են իրար վրա բարդել Արցախի վերջին աղետը․ «Երկուսի ասածում էլ կա որոշակի ճշմարտություն, երկուսի ասածում էլ կան, մեղմ ասած, «ոչ ճշմարտություններ»․ Ռուսաստանի ԱԳՆ-ն էսկալացիայի մեղքը բարդեց հայկական կողմի վրա՝ հայտարարելով, որ Հայաստանը դուրս չի բերել իր զորքերը Արցախից, այնինչ բոլորն էլ գիտեն, որ Հայաստանը վաղուց այնտեղ զորքեր չուներ։ Այսինքն, Ռուսաստանի ԱԳՆ-ն կրկնեց այն նարատիվը, որն այսքան ժամանակ առաջ էր տանում Բաքուն, ու դա տեղի ունեցավ, որ Նիկոլ Փաշինյանը նրանց էր փորձում դարձնել միակ մեղավորն ու պատասխանատուն։ Երկու կողմն էլ, կարծես, Ադրբեջանին մի կողմ էին տարել և Արցախի աղետի մեջ մեղադրում էին մյուս կողմին։ Եթե Նիկոլ Փաշինյանը այլ կերպ իրեն դրսևորեր, չեմ կարծում, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն այդքան կցինիկանար»։
Կիվիրյանը նշում է Ռուսաստանի ԱԳՆ-ի կոշտ հայտարարությունների մեկ այլ բացատրություն ևս․ «Մի կողմից՝ ԱԳՆ-ն Կրեմլի պրոթուրքական գմբեթներից մեկն է, մյուս կողմից՝ այն Կրեմլի աչքերում եղել է Նիկոլ Փաշինյանի հովանավորը․ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտպանները կրեմլյան կուլուարներում միշտ եղել է ԱԳՆ-ն, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը և այլն՝ ասելով, որ մենք ամեն ինչ վերահսկողության տակ ենք պահում։ Հետո պարզ դարձավ, որ վերահսկողություն որպես այդպիսին չկա, Նիկոլն այն մարդը չէ, որ ինչ-որ մեկը կարողանա այդ մոլագարին վերահսկել։
Եվ հիմա, որ պատասխանատվությունը նրանց վրա չմնա, նույն Կրեմլում չասեն՝ այսքան տարիներ պնդում էիք, որ վերահսկողության տակ է, ԱԳՆ-ն կտրուկ ագրեսիվ քայլերի անցավ, որոնք, ինչպես և ՀՀ իշխանությունների հայտարարությունները, վտանգում են հայ-ռուսական հարաբերությունները։ Ռուսաստանը սա կարող է իրեն թույլ տալ, ողջ խնդիրը նրանում է, թե արդյոք Հայաստանը սա կարող է իրեն թույլ տալ, թե ոչ»։
Մանրամասները՝ տեսանյութում։