Եթե Հայաստանի Հանրապետություը խելքի չգա, կարժանանա Լեռնային Ղարաբաղի ճակատագրին․ ավտոմեքենաների շարասյունը, որ տեսնում ենք Լեռնային Ղարաբաղից Հայաստան եկող, տեսնելու ենք Հայաստանից Իրան կամ Վրաստան ուղևորվելիս։ Ինչո՞ւ են Երևանում նստածները մտածում, որ Ղարաբաղի հայերը կարող են այս օրը ընկնել, իրենք չեն կարող։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Ակնհայտ է, որ պարտվել ես։ Մինչև քո ռեսուրսները չվերականգնես, չես կարող քեզ բազմաթիվ բաներ թույլ տալ և պետք է գործես խոհեմ՝ հասկանալ իրավիճակը, նոր սրացումներ թույլ չտալ, իրավիճակը չհասցնել նոր բախումների, ռեալ հասականալ, թե ինչ կարող ես անել և ով կգա քեզ օգնության»,- հավելեց նա։
Պարզ է, որ պարտված կողմը գնում է զիջումների, բայց այս իշխանության պարագայում հայ ազգը կանգնել է փաստի առաջ, նշում է վերլուծաբանը․ «որովհետև այն զիջումները, որ այս իշխանությունները առաջադրում են, անգամ դրանց մի մասը եթե առաջադրեր պրոֆեսիոնալ իշխանություն, բոլոր խնդիրները հարևանների հետ լուծած և հայ ազգին խաղաղություն ապահոված կլիներ։ Այս իշխանությունները, բազմաթիվ զիջումների գնալով, ոչ միայն չլուծեցին խնդիրները, այլև ավելի խորացրին։ Խելացի իշխանությունը կարող է զիջման պատրանք ստեղծելով լիցքաթափել իրավիճակը, հարևանների հետ փորձել վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և ի վերջո ավարտել պատերազմը»։
Կիվիրյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականից խոսում է խաղաղությունից, ինչը հատուկենտ բաներից է, որ նա ճիշտ է անում, սակայն նրա քայլերի արդյունքում ոչ թե խաղաղություն է ապահովվում, այլ իրավիճակը գնում է նոր աղետի․ «Եթե Հայաստանում լիներ պրոֆեսիոնալ իշխանություն, այն զիջումներով, որ Հայաստանն է պատրաստ, դրա 50 տոկոսով կկարողանար խաղաղություն հաստատել և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ։ Կարևորը ոչ թե խոսքերն են, այլ այն՝ կարողանում ես դրանք կյանքի կոչել, թե չես կարողանում»։
Այս թակարդի մեջ, նրա խոսքով, ընկավ նաև ընդդիմությունը․ «Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր խաղաղությունից, ընդդիմությունը ոչ թե պետք է ասեր, որ նա սխալ է ասում, այլ որ չի կարող բայց չի կարողանում դա ապահովել։ Ընդդիմությունը պարտված ազգին ասում էր՝ ի՞նչ խաղաղություն, իսկ պարտված ազգը ի՞նչ այլընտրանք ունի։ Պարտված կողմը եթե խոհեմ չի գործում, դա ավարտվում է եղեռնով»։
5 տարվա քաղաքականությունը փաստում է, որ Նիկոլ Փաշինյանը զիջումներով ոչ թե Հայաստանին դուրս է բերում կոնֆլիկտից, այլ նոր զիջումների հանգեցնում, ասում է Կիվիրյանը։
Կորուստային գահավիժումը շարունակվում է, և մենք դեռ չենք հասել հատակին, իսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում այն կարող է շատ խորքային լինել․ «Նիկոլ Փաշինյանի և ընդհանրապես հայ հասարակության խնդիրն է պատկերացնել իրավիճակը, մեր ունեցած ռեսուրսները, ավելի լայնածավալ կոնֆլիկտի դեպքում մենք ունե՞նք դաշնակիցներ, թե՞ չունենք, ոչ թե հայկական ականջներին լապշաներ կախել, ինչն անում էին երկու կողերն էլ։ Մի կողմն ասում է՝ եթե հակառուս լինես, արևմուտքն է գալու, մյուս կողմն էլ ասում է՝ եթե այլ մարդ լինի, ռուսներն են գալու»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։