Գերտերությունները անձերին չեն նայում, անձանց դերը տարրալուծվում է շահերի մեջ։ Եթե ռուսներին պետք լիներ ավելի ակտիվ խառնվել, նրանք ձև կգտնեին չեզոքացնելու Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Ակնհայտ է, որ ռուսները դեռ շարունակում են աշխատել իշխանության հետ՝ չնայած լեզվակռիվներին։ Չեմ բացառում, որ Ռուսաստանի ՆԳ նախարարը ինչ-որ մեսիջներ է բերել Նիկոլ Փաշինյանին, և մենք մոտակա օրերս դրանք կհասկանանք՝ ըստ զարգացումների»,- հավելեց նա։
Արդյո՞ք Մոսկվային հիմա պետք է փոխել Նիկոլ Փաշինյանին, հարցնում է վերլուծաբանը․ «Պատկերացրեք՝ օգնեցին Նիկոլ Փաշինյանին փոխել։ Արդյո՞ք նրանք ցանկանում են ավելի կոշտ մտնել հայկական խնդրները լուծելու դաշտ։ Դրանք լուծելու համար նրանք ստիպված կլինեն կոնֆլիկտի մեջ մտնել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, արդո՞ք Ռուսաստանին այս իրավիճակում դա պետք է»։
Ստեղծվել է մի իրավիճակ, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին ձեռնտու է․ «Եթե Նիկոլ Փաշինյանի փոխարեն Հայաստանում իշխանության գա պրոռուսական գործիչ, բոլորը կհասկանան, որ հակառուսականությամբ չէ պայմանավորված Մոսկվայի պասիվությունը, քանի որ այդ պրոռուսական գործիչը չի կարողանա իր հետևից 200-հազարանոց ռուսական զորք բերել։ Ռուսաստանի պասիվությունը պայմանավորված է ուկրաինական դաշտում բազմաթիվ խնդիրներով և ադրբեջանաթուրքական դաշինքի դեմ լայնածավալ հակամարտության մեջ մտնելու համար ռեուրսների անբավարարությամբ»։
Կիվիրյանի խոսքով՝ Ռուսաստանը 2008 թվականից հայտնվել է մի իրավիճակում, որ անգամ չի կարողանում Հայաստանի տարածքում իր ռազմաբազայի մատակարարման հարցը լուծել․ «Այս պարագայում ռեալ ռազմական օժանդակության սպասելն էլ պրոռուսական ուժերի ֆանտազիաներից է։ Հայ ազգը հայտնվել է էլիտաների ձեռքին, որոնք տառապում են մանկամտությամբ և քաղաքական ֆանտազիաներով ու այս առումով իրար արժանի են»։
Ընդհանուր առմամբ՝ ինչ-որ բախումներ Հայաստանում Մոսկվային կարող է նաև ձեռնտու լինել, կարծում է վերլուծաբանը․ «Պատկերացրեք՝ այստեղ բախումներ լինեն և դրանից օգտվեն Ադրբեջանն ու Թուրքիան։ Մոսկվան այդ պարագայում կասի՝ ես ի՞նչ անեի, եթե հայերը զբաղված էին իրար կոտորելով։ Դրա համար, իմ դիտարկմամբ՝ Հայաստանի քաղաքական պրոցեսներում մասնակցում են ռուսական որոշ շրջանակներ, բայց դրան զուգահեռ Պեսկովը հայտարարում է, որ իրենք աշխատում են Հայաստանի և Փաշինյանի հետ։ Այս դեպքում հայ քաղաքական էլիտաները պետք է խելքի գան»։
Մանրամասները՝ տեսանյութում։