
Արդեն երրորդ օրն է՝ Արցախից Հայաստան է ձգվում մեքենաների անվերջ շարասյունը։ Բռնի տեղահանվածներն են, որոնք շրջափակման երկար ամիսներից հետո ռազմական ագրեսիայի ենթարկվեցին, կորցրին հարազատներին ու մտերիմներին, զրկվեցին տնից ու հայրենիքից։ Հյուծված եւ հուսահատված՝ նրանք վերջին հայացքն են գցում հարազատ վայրերին....վերջին անգամ համբուրելով տան պատերը...
Մարդիկ լքում են Արցախը․․․Ժամերով եւ նույնիսկ օրերով․․․Իսկ առջեւում անորոշությունն է:
Կոռնիձորը Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզի փոքրիկ գյուղ է, հնագույն վայր, որը շատ բան է տեսել, եւ այժմ որպես փրկօղակ իր մեջ է առնում հազարավոր մարդկանց ցավը։ Մարդիկ շտապ փախել են տներից՝ իրենց հագին եղած շորերով, փորձելով փրկել երեխաներին։ Շատերն իրենց գյուղերից Ստեփանակերտ ոտքով են գնացել, անտառների միջով, ապա Ստեփանակերտից Հայաստան՝ ինչով կարողացել են՝ մարդատար մեքենաներով, ավտոբուսներով, բեռնատարներով, նույնիսկ գյուղատնտեսական ու շինարարական մեքենաներով։
«Մի երկու շոր վերցրինք, դրեցինք պայուսակն ու դուրս վազեցինք։ Բա ի՞նչ անեինք։ Սարսափելի էր։ Ադրբեջանցիները մեզանից մի քանի կիլոմետրի վրա էին, սարի գագաթին։ Վիրավորում էին, կրակում ինքնաձիգներից։ Ինչպե՞ս մնայինք այդ պայմաններում։ Մենք գիշերը չէինք քնում, ամբողջ գիշեր սպասել ենք, որ հիմա կգան․․․Ամբողջ գյուղում նույն վիճակն էր։ Մարդիկ, որոնք 5-6 երեխա ունեն, միայն երեխաներին են կարողացել են փրկել, իրենց հետ ոչինչ չեն վերցրել»,-ասվում է Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղից մի կին:
Նրա խոսքով՝ իրենց գյուղից տարհանումը կազմակերպել է գյուղապետը. միմյանց օգնելով՝ գյուղի բոլոր բնակիչները լքել են այն։
Կոռնիձորում մարդիկ ականատես են եղել ընտանիքի վերամիավորմանը, որը 44-օրյա պատերազմից հետո ստիպված էր Հադրութից տեղափոխվել Ստեփանակերտ, իսկ այսօր նրանք արդեն փախչում են Ստեփանակերտից: Հայրը, որը մինչեւ Արցախի շրջափակման սկսվելը Հայաստան էր եկել գործերով, չի կարողացել վերադառնալ իր ընտանիքի մոտ։ Այսօր բեռնատարով Կոռնիձոր են հասել նրա կինը եւ 4 երեխաները։ Փոքրիկներից մեկը՝ գրկելով հորը, բացականչել է․ «Պապ, չիպսս բերե՞լ ես»։
Իսկ մի ճարպիկ դեռահաս հեծանիվով է հասել Կոռնիձոր՝ շրջանցելով խցանումները։
Մեքենաների անվերջանալի հոսքը Ստեփանակերտից Կոռնիձոր այնքան դանդաղ է շարժվում, որ կարծես կանգնած է։ Այդ հոսքը պարբերաբար ճեղքվում է շտապ օգնության մեքենաների շարասյունով, որոնք Ստեփանակերտից տեղափոխում են սեպտեմբերի 19-ի մարտական գործողությունների ընթացքում վիրավորվածներին եւ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտ գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածներին: Երկար ճանապարհին սնունդ չի եղել, մարդիկ Հայաստան են հասնում հյուծված, պատմում է ստեփանակերտցի կինը:
«Մենք Ստեփանակերտից դուրս ենք եկել առավոտյան ժամը 11։00-ին, խցանումները սկսվում են հենց Ստեփանակերտից։ Ստիպված գիշերեցինք ճանապարհին՝ մեքենաներում, անհնար էր առաջ գնալ, մեքենաները պարզապես կանգնած էին։ Անձրեւ էր, շատ ցուրտ էր, երեխաներին փաթաթում էին ինչով կարող էին։ Ջուր չի եղել, ճանապարհին օգնություն չի եղել։ Մեկ այլ մեքենայում գտնվող երեխայի ջերմությունը բարձրացավ, լավ է, որ ես ջերմիջեցնող ունեի: Հաց ունեինք, բաժանեցինք, մի տարեց կին մի կտոր հաց էր խնդրում․․․Փառք Աստծո, երկրորդ օրվա կեսին մեզ հաջողվեց հասնել Հակարիի կամուրջ։ Ես կարծում էի, որ մենք գիշերը չենք լուսացնի: Հետդարձի ճանապարհ չկար, դիմացը ադրբեջանցիներ էին կանգնած», - պատմում է ընտանիքի հետ Տեղ գյուղ եկած կինը։ Նրա ցանկությունն է․ «Թող աշխարհում այլեւս ոչ մի ազգ չտեսնի այն, ինչ են ապրել իմ երեխաներն այս գիշեր»։
Հակարիի կամրջից հետո առաջին բնակավայրում մարդկանց ջուր եւ սնունդ են տալիս։ Շատերը չեն շտապում այստեղից հեռանալ, քանի որ սպասում են իրենց ընտանիքի մյուս անդամներին կամ հարազատներին, ովքեր ճանապարհ են ընկել իրենցից հետո կամ դեռ մնում են Ստեփանակերտում: Կոռնիձորում կազմակերպվել է մարդասիրական կենտրոն։ Տեղում աշխատում են նաեւ ԿԽՄԿ ներկայացուցիչները, մարդկանց տրամադրվում է հոգեբանական օգնություն: Գրեթե բոլոր ընտանիքներում կան կորուստներ։ Կան ընտանիքներ, որոնք կորցրել են մի քանի անդամի՝ ամուսիններ, հայրեր, եղբայրներ, զավակներ։ Արցախից ահասարսուռ լուրեր են գալիս. սպանված երկու անչափահաս երեխաներ, որոնց հայրը նույնպես սպանվել է: Երկու որդի կորցրած մայր. առաջինին՝ 44-օրյա պատերազմում, երկրորդին՝ Ադրբեջանի վերջին ագրեսիայի ժամանակ։ Այս շարքը դեռ շարունակվելու է, երբ ադրբեջանական զինվորականների զբաղեցրած գյուղերից ու դիրքերից դուրս բերվեն բոլոր դիերը։
«Եթե, միեւնույն է, պետք է ամեն ինչ տային ադրբեջանցիներին, ինչո՞ւ դա չարեցին միանգամից՝ 2020 թվականին, ինչո՞ւ էին պետք նոր զոհեր։ Այդ տղաները ավե՞լ էին»,-ասում է Մարտակերտից Մարգարիտա Օհանյանը:
«Ես տեսել եմ բոլոր պատերազմները՝ 1988 թվականից մինչեւ սեպտեմբերի 19-ը։ Նման սարսափելի սպանդ մինչեւ օրս չի եղել։
Երբ լսվեցին արկերի պայթյունները, իջանք նկուղ։ Կապ չկար, մենք ոչինչ չգիտեինք։ Երբ դուրս եկանք, տեսանք, որ մեր մեքենան բակում պայթել է։ Տարհանման ժամանակ ոչինչ չենք վերցրել։ Գյուղն այլեւս չկա։ Ընտանիք կա, որտեղ սպանել են երկու որդիներին։ Կինն արդեն ամուսին չունի, բայց ասում է, որ դեռ նրա մասին լուր չունի, մինչդեռ ամուսնուն արդեն թաղել են․․․»,-ասում է նա։ Կնոջ խոսքով՝ իրենք 20 տարի կառուցել են իրենց տունը, 44-օրյա պատերազմից հետո նորից վերակառուցել։ 2020 թվականին նրանք կրկին վերադարձել են իրենց տուն՝ հավատալով ռուս խաղաղապահներին։ «Ռուսներն էլ են մեզ խաբել։ Նրանց պատճառով մենք 2020 թվականին վերադարձանք: Եվ դա տեղի ունեցավ նրանց օրոք, հիմա ո՞ւմ հավատանք»,-ասում է նա։
Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Կոռնիձորի մարդասիրական կենտրոնում իրականացվում է ժամանողների առաջնային կարիքների գնահատում: Եվս մեկ համակարգող կենտրոն գործում է Գորիսում, ուր ուղղորդվում են այն տեղահանվածներին, ովքեր ունեն կացարանի կարիք: Նա նաեւ տեղեկացրել է, որ փախստականներին տեղավորում են ոչ միայն Սյունիքի մարզում, այլեւ Հայաստանի մյուս բոլոր մարզերում: Մինչդեռ արդեն առաջին օրը Սյունիքի հյուրանոցներում եւ հյուրատներում տեղի սուր պակաս էր զգացվում։ Թեեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-ին հայտարարել է, որ Հայաստանում արցախցիների համար 40 000 տեղ է պատրաստվել, այդ թվում՝ ամրագրված են հյուրանոցները, Գորիսի հյուրանոցների մեծ մասում կառավարությունը ոչինչ չի ամրագրել, եւ նրանք գործել են ըստ իրավիճակի: Սեպտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը տեղեկացրել է, որ Արցախից տեղահանված անձանց ընդունելության եւս մեկ կենտրոն սկսել է գործել Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում: Այսօրվանից մարդկանց այլեւս չեն գրանցում Գորիսում, այլ ուղարկում են ուղիղ Վայք։ Պաշտոնական տվյալներով՝ Արցախից Հայաստան է ժամանել արդեն ավելի քան 50 000 տեղահանված։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծել է Արցախից տեղահանված անձանց գրանցման միասնական հարթակ՝ e-soc.am։ Մարդիկ կարող են հարցաթերթիկը լրացնել ինքնուրույն կամ սոցիալական աշխատողների օգնությամբ հումանիտար կենտրոններից մեկում: Այս գրանցումը պետական գերատեսչությանը հնարավորություն է տալիս գնահատել տեղահանվածների ընդհանուր կարիքները։
Առջեւում արցախցիներին անորոշության երկար ճանապարհ է սպասում․․․Դժոխքի միջով անցած, հայրենազրկված ու աշխարհի կողմից լքված։ Եվ նրանք պետք է ապրեն այդ ցավով՝ սիրելի մարդկանց, տան, հայրենիքի կորստի ցավով։ Հայրենիք, որի մասին այդ մարդիկ հիմա միայն հիշողություններ ունեն․․․