
Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից եւ տեղական իշխանությունների կազմալուծումից մի քանի օր անց ենթադրություններ են ի հայտ եկել այն մասին, որ կարող է ընկնել եւս մեկ կառավարություն՝ Հայաստանի կառավարությունը, գրում է Los Angeles Times-ը։
«Մինչ Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր բնակիչներ լքում են իրենց տները՝ վախենալով ադրբեջանական տիրապետությունից, Երեւանի՝ Հայաստանի մայրաքաղաքի փողոցները լցվում են ցասմամբ։ Հազարավոր ցուցարարներ ամեն օր դուրս են գալիս Հանրապետության հրապարակ, հարձակվում կառավարական շենքերի վրա եւ բախումների մեջ մտնում ոստիկանների հետ։ Նրանց ցասումն ուղղված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախում ցեղասպանության հեռանկարի առջեւ նրա անգործության դեմ։
Նրանք Հայաստան են եկել՝ տեղավորվելով ցանկացած մեքենայի մեջ, որը կարողացել են գտնել։ Նրանց հետեւում լեռնային մայրուղու վրա տասնյակ հազարավոր այլ մարդկանց տեղափոխող մեքենաներ են կուտակվել։ Շրջանի մայրաքաղաք Ստեփանակերտից մինչեւ Հայաստանի հետ սահման 25 մղոնանոց ճանապարհը ոմանց համար տեւել է մինչեւ 20 ժամ։
Սահմանին եւ Երեւանում տիրող քաոսը միայն սաստկացրել է Հայաստանի կառավարության, հատկապես Փաշինյանի նկատմամբ վրդովմունքը, որին քննադատները մեղադրում են կապիտուլյացիայի մեջ, որով նա հրաժարվեց զորքեր ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ էթնիկ հայերին պաշտպանելու համար։ Երեւանում ցուցարարները փակել են ճանապարհները։
Փաշինյանի իմփիչմենթը պահանջող հանրահավաքներ են կազմակերպվել Հանրապետության հրապարակը , որտեղ նա 2018 թվականի հեղափոխության ժամանակ ելույթ էր ունենում իր կողմնակիցների առջեւ։
Արդյո՞ք Փաշինյանը հրաժարական կտա կամ կհեռացվի առանց ընտրությունների, դեռ պարզ չէ։
Սակայն Փաշինյանի կառավարության անկման ռիսկը միանգամայն իրական է, կարծում է Քարնեգիի եվրոպական բաժանմունքի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը»,-գրում է հոդվածագիր Նաբիհ Բուլոսը։