
ԱՄՆ-ի սենատոր Բոբ Մենենդեսն իրեն մեղավոր չի ճանաչել կանխիկ և ոսկու ձուլակտորներով կաշառքներ ստանալու դաշնային մեղադրանքներում՝ իր քաղաքական ազդեցությունը եգիպտական շահերը գաղտնի առաջ մղելու և տեղի գործարարներին ծառայություններ մատուցելու դիմաց:
Մենենդեսն առաջին անգամ կանգնեց Մանհեթենի դաշնային դատարանի առաջ մի քանի օր անց այն բանից հետո, երբ դատախազները հրապարակեցին մասշտաբային կոռուպցիայի մասին մեղադրական եզրակացությունը դեմոկրատ սենատորի հանդեպ, որը ստիպված էր լքել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ազդեցիկ պաշտոնը: Նրա անունից փաստաբանն անմեղության ճանաչման մասին միջնորդություն է ներկայացրել։
Մենենդեսն ասել է, որ մեղադրանքները, թե ինքը չարաշահում է իր լիազորությունները՝ գրպանները լցնելու համար, անհիմն են։ Նա ասել է, որ վստահ է, որ կարդարացվի, և մտադրություն չունի հեռանալ Սենատից:
Այդուհանդերձ, Մենենդեսի հրաժարականի կոչերը շարունակեցին հնչել չորեքշաբթի, երբ Իլինոյս նահանգի սենատոր Դիկ Դուրբինը, Սենատի 2-րդ վարկանիշային անդամը, ասաց, որ «նա պետք է հրաժարական տա»: Սենատի դեմոկրատների կեսից ավելին այժմ ասում է, որ Մենենդեսը պետք է հրաժարական տա, այդ թվում՝ Նյու Ջերսիի սենատոր Քորի Բուկերը, սըստ որի՝ մեղադրական եզրակացությունը պարունակում է «կոռուպցիայի ցնցող մեղադրանքներ և ապօրինությունների կոնկրետ, մտահոգիչ մանրամասներ»:
Մենենդեսի հետ միասին մեղադրվում է նրա կինը՝ Նադինը, որն, ըստ դատախազների, առանցքային դեր է խաղացել Նյու Ջերսիի երեք գործարարներից հարյուր հազարավոր դոլարներ կաշառք ստանալու գործում: Չորեքշաբթի օրը Նադին Մենենդեսի փաստաբանը հայտնել է, որ նա իրեն մեղավոր չի ճանաչում:
Դատախազներն ասում են, որ Մենենդեսը բազմիցս Եգիպտոսի «ավտորիտար» կառավարության շահերից բխող գործողություններ է կատարել: Նրանք ասել են, որ Մենենդեսը նաև փորձել է միջամտել իր գործընկերների հետ կապված քրեական հետաքննությանը, և մի դեպքում պահանջել է Նյու Ջերսիում դաշնային դատախազ նշանակել, որի վրա, նրա կարծիքով, կարող էր ազդել հետաքննությունը շեղելու համար: