
Լեռնային Ղարաբաղի հայերը կրկին դառնում են էթնիկ զտումների զոհ, դրանք իրականացվել են միջազգային հանրության աչքի առաջ, որը դեռևս որևէ քայլ չի ձեռնարկել: Այս մասին ասվում է լիբանանյան «Քաթաիբ» կուսակցության հայտարարության մեջ։
«Լիբանանյան «Քաթաիբ» կուսակցության արտաքին հարաբերությունների վարչությունը կարծում է, որ փոքրիկ տարածաշրջանի հայ բնակչության բռնի տարհանումը, իրենց պատմական հայրենիքը հազարներով լքելը պարտադրելը և անորոշ ճակատագրի հետ նրանց միայնակ թողնելը, միջազգային իրավունքի աղաղակող խախտում է և մարդու իրավունքների բոլոր կոնվենցիաների ոտնահարում։
Այս իրավիճակը հիշեցնում է նախորդ դարում հայ ժողովրդի պատմական ողբերգությունները, որոնց կրկնությունը չի կարելի թույլ տալ, մինչ աշխարհը հետևում է դրանց՝ մի կողմից տնտեսական շահերի պահպանման, մյուս կողմից նոր պատերազմների մեջ ներքաշվելու վախի պատճառով։
Լիբանանի «Քաթաիբ» կուսակցության արտաքին հարցերի վարչությունն իր խորին ցավակցությունն է հայտնում վերջին իրադարձությունների անմեղ և խոցելի զոհերին, դատապարտում է Լեռնային Ղարաբաղ-Արցախի հայ բնակչության նկատմամբ իրականացված կոպիտ անարդարությունը և ամբողջական զորակցություն է հայտնում լիբանանահայությանը», նշվում է հայտարարության մեջ։
Այն նաև կոչ է անում միջազգային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու այս հումանիտար ողբերգությունը, ստեղծել արդյունավետ պաշտպանության մեխանիզմներ էթնիկ զտումների արշավներից և կասեցնել Արցախում հայերի նկատմամբ մարդու իրավունքների խախտումները։