
Չեխիայի Հանրապետության կառավարությունը չորեքշաբթի հավանություն է տվել պաշտպանության նախարարության ծրագրին ձեռք բերելու երկու տասնյակ ամերիկյան F-35 կործանիչներ՝ շուրջ 150 միլիարդ չեխական կրոնի (6,5 միլիարդ դոլար) գործարքի շրջանակում, հաղորդում է Associated Press-ը:
24 կործանիչներից առաջինը պետք է փոխանցվի 2031 թվականին, մնացածը մինչև 2035 թվականը, ասել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։ Ամերիկյան ինքնաթիռները կփոխարինեն Շվեդիայից 14 JAS-39 Gripen կործանիչներին, որոնք ներկայում օգտագործում են չեխական բանակը։
Չեխիան ԱՄՆ-ին կվճարի մոտ 5 միլիարդ դոլար ինքնաթիռների, օդաչուների պատրաստման, զինամթերքի և այլ ծախսերի համար, ասել է պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան։ Մնացած գումարը կուղղվի Չեխիայի կենտրոնական մասում գտնվող Կասլավի ավիաբազայի արդիականացմանը, վառելիքի և անձնակազմի վերապատրաստմանը, նշել է Չերնոխովան:
Նախարարությունը շուրջ մեկ տարի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ գործարքի շուրջ։
Չորեքշաբթի օրվա հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ կառավարությունը մայիսին որոշում կայացրեց Շվեդիայից գնել 246 հատ CV90 զրահապատ մարտական մեքենաներ՝ որպես իր զինված ուժերի հիմնական արդիականացման մաս: