
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ, եւ այդ տարածքում ապրող էթնիկ հայ բնակչությունը սկսեց արտագաղթը՝ եւս մեկ ցավալի գաղթ ավելացնելով հայ ժողովրդի հավաքական հիշողությունում, գրել է El Pais-ը։
«Դեռ հայտնի չէ, թե ինչ ազդեցություն կունենա փախստականների ալիքը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարության վրա։ Դեռ հայտնի չէ, թե ինչպիսին կլինի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերաբերմունքը արցախահայերի հանդեպ, որոնք կմնան այդ տարածքում։ Նրանք ստիպված են հավատալ, որ ավտորիտար ղեկավարը կհարգի, ինչպես հավաստիացնում է, Ադրբեջանի փոքրամասնություն հանդիսացող հայկական ծագմամբ քաղաքացիների իրավունքները։
Բուն Հայաստանում մարդիկ զգուշանում են, որ Ալիեւի ուժերը կշարունակեն իրենց հաղթական շարքը, որը հանգեցրեց Արցախի նվաճմանը, եւ կզավթեն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքները։
Տարածաշրջանի զարգացման համար անհրաժեշտ է վերականգնել (եւ ընդլայնել) հաղորդակցությունների համակարգը, որը խզվել էր 1980-ականների վերջին, երբ առաջին անգամ բռնկվեց ղարաբաղյան հակամարտությունը։ Բայց հաղորդակցությունների վերականգումը կարող է իրականություն դառնալ միայն այն ժամանակ, եթե երկու երկրները եւ ավել խոշոր տարածաշրջանային տերությունները, որոնք մասնակցում են այս տարածաշրջանում (Ռուսաստան, Թուրքիա եւ Իրան), հասնեն կոնսենսուսի, որի տակ կարող են ստորագրել նաեւ Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները։ Այս վայրի հողերում աշխարհի կարեւոր մասի քաղաքական եւ տնտեսական դասավորվածության հարցն է դրված։
Աշխարհառազմավարական տեսանկյունից կարեւոր պահ է միջանցքը Հայաստանի հարավի Զանգեզուրի շրջանով։
Միջանցքի ստեղծումը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ առկա է հրադադարի մասին արձանագրությունում, որը Ալիեւը եւ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ ստորագրել են 2020թ. նոյեմբերին։ Բայց դրա իրականացման բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել, քանի որ Հայաստանը մտավախություն ունի, որ Ադրբեջանը միջանցքը կօգտագործի, որպեսզի միացնի Զանգեզուրը։ Եվ այլ պատճառների պակաս չկա։
2014թ. Ալիեւն ասել է. «Հայկական պետությունը հիմնվել է Ադրբեջանի պատմական հողերի վրա։ Երեւանի խանությունը, Զանգեզուրը [...] մեր պատմական հողերն են։ Մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ հողեր։ Մենք պետք է վերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը»։ 2021թ. ապրիլին Ադրբեջանի ղեկավարը հարցազրույցում հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է մեր ազգային, պատմական եւ ապագա շահերին։ Մենք կիրականացնենք Զանգեզուրի միջանցքը՝ ուզում է Հայաստանը դա, թե ոչ։ Եթե Հայաստանը դա ցանկանա, ապա հարցը պարզապես կլուծվի, եթե չցանկանա՝ մենք այն կլուծենք ուժով»։
Երկուշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո Ալիեւն ասել է. «Ես վստահ եմ, որ այդ նախագիծը հաջող կզարգանա եւ [...] կծառայի Ադրբեջանի, Թուրքիայի եւ այլ երկրների շահերին»։ Նա ավելացրել է, որ վստահ է, որ աշխատանքների ադրբեջանական մասը պատրաստ կլինի հաջորդ տարեսկզբին։
2020թ. նոյեմբերի համաձայնագրով՝ Զանգեզուրի միջանցքի վերահսկողությունը դրվում է ռուս սահմանապահների վրա, որոնք նաեւ վերահսկում են Հայաստանի սահմանները Թուրքիայի եւ Իրանի հետ։ Բացի Հայաստանում ռազմակայանից եւ մի քանի հազար սահմանապահներից՝ Մոսկվան ունի ռազմական զորակազմ մոտ 2 000 զինվորով, որոնք խաղաղապահ առաքելություն են իրականացնում, որը պետք է ապահովեր Արցախի էթնիկ հայերի անվտանգությունը։
Հիմնական խաղացողների շահերը տարբերվում են։ Ադրբեջանի համար, բացի իր տարածքի միջեւ կապի հաստատումից, միջանցքը կամրացնի «երկու պետություն, մեկ ժողովուրդ» քաղաքականությունը, որը վարում են Անկարան եւ Բաքուն։ Մոսկվան, իր կողմից, զգուշանում է, որ Թուրքիան կամրանա այս տարածաշրջանում, եւ Արեւմուտքը կզբաղեցնի ռուս սահմանապահների տեղը։ Կրեմլի համար Զանգեզուրում գտնվելը Հարավային Կովկասում մնալու միջոց է, թող որ անգամ խորհրդանշորեն։ Իրանը, իր հերթին, զգուշանում է, որ Հայաստանը կդառնա ՆԱՏՕ ֆորպոստ եւ օպերատիվ հարթակ Իսրայելի համար։
Եթե Ալիեւը ներխուժեր Զանգեզուր, արդյո՞ք Արեւմուտքը միջոցներ կդիտարկեր Բաքվի դեմ, այնպիսին, ինչպիսին կրառում է Ռուսաստանի դեմ Ուկրաինայում նրա անեքսիայի պատճառով։ Ադրբեջանն օգտվում է Թուրքիայի աջակցությունից եւ ածխաջրածինների արժեքավոր աղբյուր է։ Երկիրը նաեւ ռազմավարական տարանցիկ շրջան է եւ, հաշվի առնելով նրա հարեւանների բնույթը, Բաքուն մանեւրի այլ դաշտ կունենա Հայաստանի դեմ պատերազմում, քան Մոսկվան Կիեւի հետ հակամարտությունում»։