
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ձեռքն է վերցրել դիվանագիտության սիրելի գործիքներից մեկը՝ իր կիթառը, գրել է AFP-ն։
Բլինքենը ցուցադրել է կիթառ նվագելու իր հմտությունները՝ գործի դնելով երաժշտական դիվանագիտության նոր նախաձեռնությունը, որի շրջանակում Միացյալ Նահանգները լավագույն արտիստներին կուղարկի այնպիսի երկրներ, ինչպիսին են Չինաստանը եւ Սաուդյան Արաբիան։
Պետդեպարտամենտի ընդունարանում ջազի աստղեր Հերբի Հենքոկի, Դեյվ Գրոուլի, ինչպես նաեւ ծագող աստղ Գեյլի ելույթից հետո Բլինքենն ինքն է բեմ բարձրացել։
Բլինքենը ռիթմ-կիթառով կատարել է բլյուզի լեգենդ Մադի Ուոթերսի «Hoochie Coochie Man»-ը։
Նոր նախաձեռնության շրջանակում Հենքոկը կմեկնի Հորդանան՝ ջազ-դաշնակահար Դյուք Էլինգտոնին նվիրված միջոցառման շրջանակում, ինչպես նաեւ առաջին ուղեւորությունը կկատարի Սաուդյան Արաբիա։
Ֆիլադելֆիայի նվագախումբը կմեկնի Չինաստան նոյեմբերին, որպեսզի նշի այդ ասիական երկրում 1973թ. իր առաջին շրջագայության 50-ամյակը, որն այն ժամանակ գրեթե փակ էր աշխարհի համար։
«Մի քանի սերունդ ԱՄՆ դիվանագիտությունն աշխատել է, որպեսզի օգտագործի երաժշտության ուժը կամուրջներ գցելու եւ համագործակցության հաստատման համար ամերիկացիների եւ ամբողջ աշխարհի մարդկանց միջեւ»,- ասել է Բլինքենը։ «Պետք չէ պատմություն իմանալ, որպեսզի կապեք երաժշտության հետեւում գտնվող զգացումները, որովհետեւ երաժշտությունն իր էությամբ կապ է՝ արմատացած ընդհանուր մարդկության մեջ»,- ասել է նա։