
Թուրքիայի նախագահի օգնական Յալչըն Թոփչուն TurkicWorld-ի հարցազրույցում հայտարարել է Անկարայի մշտական աջակցության մասին «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովմանը»։
«Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ում իր ելույթում ամբողջ աշխարհին հայտարարել է Ադրբեջանին աջակցելու եւ այն մասին, որ Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է»,- ավելացրել է նա։
Թվում էր, թե Ադրբեջանը Ղարաբաղի օկուպացմամբ հասել է առաջադրված նպատակին, Ադրբեջանի «ի՞նչ տարածքային ամբողջականության» մասին է խոսքը։
Իրականում Բաքվի եւ Անկարայի ախորժակները շատ ավելի մեծ են, եւ Ղարաբաղով սահմանափակվել այնտեղ հաստատ չեն պատրաստվում, ինչն էլ, ըստ էության, ակնարկում է Թուրքիայի նախագահի օգնականը։
NEWS.am-ն արդեն գրել է Ադրբեջանի անօրինական հավակնությունների մասին։ Բանն այն է, որ Ադրբեջանի Հանրապետությունն այն կազմավորման իրավահաջորդն է, որը գոյություն է ունեցել մի քանի տարի անցած դարասկզբին։ Ադրբեջանի անկախության 1918թ. մայիսի 28-ի հռչակագրում ասված է. Այսուհետ Ադրբեջանի ժողովուրդները հանդիսանում են ինքնիշխան իրավունքների կրողը, եւ Ադրբեջանը, որն ընդգրկում է Արեւելյան եւ Հարավային Անդրկովկասը, լիիրավ անկախ պետություն է։ Հավակնությունների «հիմնավորման» համար սարքվել է նաեւ «փաստաթղթերի» բազմություն, որոնք այդ թվում «հաստատում» են Հայասստանին Երեւանը հանձնելը։ Պատահական չէ, որ Ադրբեջանի ներկայիս նախագահը «հիշում» է այն, որ իր նախնիները «ապրել են Էրիվանում»։