
ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն կգլխավորի սենատոր Բեն Քարդինը՝ փոխարինելով Բոբ Մենենդեսին, որին ներկայացվել է կաշառակերության մեղադրանք։ Չորեքշաբթի սենատորները հաստատել են Քարդինին նշանակելու բանաձեւը։ Մենենդեսը իրեն մեղավոր չի ճանաչել, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Քարդինը արդեն երկրորդ անգամ է փոխարինում Մենենդեսին կոմիտեի ղեկավարությունում։ Նա կոմիտեն գլխավորել է 2015թ. ապրիլից մինչեւ 2018թ. փետրվար, Մենենդեսին այդ ժամանակ կոռուպցիայի մեղադրանքներ էին ներկայացված, որոնք հետագայում հանվեցին։
Սենատոր Քարդինը, որն 80 տարեկան է, հայտարարել է, որ չի առաջադրվի եկող տարվա համար։
Մենենդեսն անցած շաբաթ հեռացել էր կոմիտեի նախագահի պաշտոնից, այդպես են պահանջում կուսակցության կանոնները, որովհետեւ նրան քրեական հանցագործության մեղադրանք է ներկայացված։ Սենատի դեմոկրատների խմբակցության կեսից ավելին Մենենդեսին հրաժարական տալու կոչ է արել։
Քարդինը իր կարիերայի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձրել մարդու իրավունքներին՝ դառնալով Մագնիտսկու օրենքի հեղինակը, որն այդպես է կոչվել ի պատիբվայն իրավաբանի, որը մերկացրել էր կոռուպցիան Ռուսաստանում եւ մահացել բանտում։
2012թ. ընդունված եւ 2016թ. ամբողջ աշխարհում տարածված օրենքը թույլ տվեց ԱՄՆ կառավարությանը պատժամիջոցներ դնել այն անձանց վրա, որոնք հանցակից են մարդու իրավունքների խախտումներին։
Մենենդեսը դեմոկրատ նախագահների դաշնակիցն էր արտաքին քաղաքականության շատ հարցերում, բայց հայտնի դարձավ նրանով, որ չէր համաձայնում նրանց հետ, երբեմն, որոշ դեպքերում՝ հրապարակայնորեն։
Կուբացի վտարանդիների որդին քննադատում էր այն ժամանակվա նախագահ Բարաք Օբամային կղզու դեմ պատժամիջոցները թուլացնելու համար, դժգոհ է Վենեսուելայի հետ հարաբերությունները կարգավորելու Բայդենի փորձերից։
Բայց Քարդինը 2015թ., Մենենդեսի եւ էլի երկու դեմոկրատ սենատորների հետ դեմ է քվեարկել Իրանի հետ միջուկային գործարքին։
Քարդինի նշանակումը կարող է ազդարարել քաղաքականության փոփոխություն Եգիպտոսի հանդեպ։ Մենենդեսին մեղադրում են այն բանում, որ օգտագործել է իր ազդեցությունը Եգիպտոսի կառավարության շահերի համար։ Քարդինը քննադատել է Բայդենի որոշումը՝ Եգիպտոսին 235 մլն դոլար ռազմական օգնություն հատկացնելու մասին։
«Եթե մենք ցանկանում ենք աշխարհին ցույց տալ, որ մարդու իրավունքների հարգումը ԱՄՆ ազգային անվտանգության շահերի կարեւոր ասպեկտն է, մենք պետք է ավելին անենք նման կառավարություններին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է Քարդինը։
Որոշ օրենսդիրներ կոչ են արել վերանայել վարչակազմի որոշումը Եգիպտոսին օգնելու մասին՝ Մենենդեսի դեմ մեղադրանքների ֆոնին։