
Բրյուսելը նախազգուշացրել է եվրոպական ընկերություններին եւ կառավարություններին, որ կարող է արգելել որոշ բաղադրիչների վաճառքը Թուրքիային եւ այլ երկրներին, որտեղից Իրանն ու Ռուսաստանը մասեր են գնում անօդաչու թռչող սարքերի եւ այլ զենքի համար, որոնք հարվածներ են հասցնում ուկրաինական քաղաքներին, գրում է Guardian-ը:
Եվրահանձնաժողովի մեկնաբանությունները հաջորդել են Guardian-ի 47 էջանոց փաստաթղթի հրապարակմանը, որում Ուկրաինայի կառավարությունը մանրամասն նկարագրում է արեւմտյան տեխնոլոգիաների օգտագործումը եւ կոչ է անում հեռահար հրթիռներ օգտագործել Ռուսաստանում, Իրանում եւ Սիրիայում անօդաչու թռչող սարքերի արտադրության օբյեկտներին հարվածներ հասցնելու համար:
Օգոստոսին «Մեծ յոթնյակի» երկրների կառավարություններին ներկայացված ուկրաինական փաստաթղթում նշվում է, որ նախորդ երեք ամիսների ընթացքում արեւմտյան տեխնոլոգիաներով հագեցած անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ քաղաքների վրա 600 հարձակում է իրականացվել:
Հինգ եվրոպական ընկերություններ ճանաչվել են հայտնաբերված բաղադրիչների սկզբնական արտադրողներ:
«Իրանական ԱԹՍ-ների արտադրությունը ադապտացվել է եւ հիմնականում օգտագործում է մատչելի առեւտրային բաղադրիչներ, որոնց մատակարարումները վատ են կամ ընդհանրապես չեն վերահսկվում»,-ասվում է փաստաթղթում։