
«Մայր Հայաստան» դաշինքը կոնսենսուսի բացակայության պայմաններում առաջարկում է Երևանի ավագանու նոր ընտրություններ:
Դաշինքի տարածած հայտարարության մեջ սվում է. ««Մայր Հայաստան» դաշինքը, լիարժեքորեն հանձնառու լինելով իր հայտարարած սկզբունքներին, մասնավորապես՝ հասնելու ամբողջական իշխանափոխության և նոր ազգային իշխանությունների ձևավորման, որի համար Երևանի ավագանու ընտրությունները դիտարկվում են որպես մեկնարկային քայլ, ինչի համար ստացել է մեր համաքաղաքացիների անգնահատելի վստահությունը, գտնում է, որ ոչ իշխանական դաշտում կոնսենսուսը միակ պայմանն է, որի պարագայում հնարավոր է հասնել «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկմանը։
Հաշվի առնելով այս առումով մեր հանրության հետ ազնվորեն գործելու անհրաժեշտությունը՝ կոչ ենք անում ավագանու ընտրությունների արդյունքում ընդդիմադիր հռչակված կուսակցություններին հանդես գալու աներկբա հայտարարություններով և դիրոքորոշումներով, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չեն տա և հնարավորություն կընձեռեն միասնական ջանքերով բացառելու գործող իշխանության վերարտադրումը։
Կոնսենսուսի բացակայության պարագայում՝ նիստին չներկայանալու և քվորում չապահովելու միջոցով Երևանի ավագանու նոր ընտրությունների անցկացումը կմնա միակ լուծումը ստեղծված իրավիճակում»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով ավագանու մանդատները բաշխվել են հետեւյալ կերպ.
«Քաղաքացիական պայմանագիր» - 24
«Ազգային առաջընթաց» - 14
«Մայր Հայաստան» - 12
«Հանրապետություն» - 8
«Հանրային ձայն»- 7
Սա նշանակում է, որ որևէ ուժի չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ձևավորել և քաղաքապետ պետք է ընտրվի կոալիցիոն կառավարմամբ: «Ազգային առաջընթացը» ներկայացնող Հայկ Մարությանն առաջարկել է «Մայր Հայաստան» դաշինքին եւ «Հանրային ձայն» կուսակցությանը քաղաքապետ ընտրել իրեն, սակայն առանց կոալիցիա ձեւավորելու: Այդ երեք ուժերը միասին ունեն 33 ձայն, ինչը բավարար է քաղաքապետ ընտրելու համար: Մարությանը նաեւ նշել է, որ եթե անհնար է այդ տարբերակը, ապա իրենք կարող են ավագանու առաջին նիստին քվորում չապահովել, ինչը ենթադրում է, որ ավագանին կցրվի եւ տեղի կունենան նոր ընտրությունները: