
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հինգշաբթի Կիև չհայտարարված այցի ժամանակ ասել է, որ ուկրաինական ուժերը «աստիճանաբար ամրապնդում են իրենց դիրքերը» ռուսական ուժերի դեմ հակահարձակման ընթացքում։
Ելույթ ունենալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ Սթոլթենբերգն ասել է, որ «յուրաքանչյուր մետր, որը վերադարձնում են ուկրաինական ուժերը, մետր է, որը կորցնում է Ռուսաստանը»։ «Եվ կա կտրուկ հակադրություն. ուկրաինացիները պայքարում են իրենց ընտանիքների, իրենց ապագայի, ազատության համար, իսկ Մոսկվան պայքարում է կայսերական մոլորությունների համար»,- հավելել է նա:
Զելենսկին ընդգծել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը ռուսական հարձակումներից՝ ասելով, որ միայն անցած գիշեր Մոսկվան օգտագործել է ավելի քան 40 անօդաչու թռչող սարք՝ Ուկրաինային հարվածելու համար։ «Եվ դա տեղի է ունենում գրեթե ամեն գիշեր: Ուկրաինացիների, մեր քաղաքների, նավահանգիստների վրա նման ինտենսիվ հարձակումների պայմաններում, որոնք կարևոր են պարենային գլոբալ անվտանգության համար, մեզ անհրաժեշտ է Ռուսաստանի վրա ճնշման համապատասխան մեծացում և մեր օդային վահանի համապատասխան ուժեղացում»,- նշել է նա։
Սթոլթենբերգն ասել է, որ ինքն «անընդհատ մղում է» ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և արագացնել մատակարարումները, հատկապես՝ հակաօդային պաշտպանության համակարգերը: ՆԱՏՕ-ն այժմ համապարփակ շրջանակային պայմանագրեր ունի զենք արտադրող ընկերությունների հետ՝ 2,4 միլիարդ եվրո արժողությամբ զինամթերքի համար, ասել է նա:
Սթոլթենբերգն ասել է, որ նման պայմանագրերը թույլ կտան ՆԱՏՕ-ի անդամներին համալրել իրենց սպառված պաշարները, ինչպես նաև շարունակել զինամթերք մատակարարել Ուկրաինային:
Նա նաև դատապարտել է ռուսական հարվածները ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիայի հետ Ուկրաինայի սահմանի մոտ։ Նա նշել է, որ ապացույցներ չկան, որ նման հարվածները դիտավորյալ հարձակում են Ռումինիայի վրա, սակայն դրանք անվանել է «անխոհեմ» և «ապակայունացնող»: