Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պարզաբանեց, թե ինչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան։ Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ պետությունների գործող ղեկավարներն օժտված են իմունիտետով եւ չի կարծում, թե այստեղ կարող է խոսք լինել ձերբակալման մասին:
«Երկրորդ, այն լուծումները, որոնք հիմնվում են Հռոմի ստատուտի 96-րդ հոդվածի 2-րդ մասի վրա, առաջարկվել են մեր ռուս գործընկերներին։ Դա ենթադրում է երկկողմ համաձայնագրի ստորագրում, որը հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել այն անհանգստությունների համար, որոնք որոշ գործընկեր պետություններ կարող են ունենալ։ Տեքստը ներկայացվել է ամիսներ առաջ, սպասում ենք մեր գործընկերների առաջարկին»,- նշեց Կիրակոսյանը։
Նա չկարողացավ ասել, թե ինչու է ռուսական կողմն այդպես սուր արձագանքում Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը, նշելով, որ եթե նույնիսկ խնդիր կա, այդ հարցի շուրջ լուծումներ էլ կան. «Դա վերապահում չէ, խոսքը 96-րդ հոդվածի 2-րդ մասի հիմն վրա կնքվող համաձայնագրի մասին է, որը կարող է նախատեսել որոշակի կարգավորումներ, պարտավորություններ երկկողմ մակարդակով, որը կարող է այդ մտահոգությունը կանգուցալուծել»,-ասաց նա, որ ռուսական կոմին առաջարկն ուղարկվել է ապրիլին եւ մինչ այժմ դեռ պատասխան չկա, սպասում են:
Նշենք, որ ավելի վաղ, Սահմանադրական դատարանը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։
Ավելի ուշ գործադիր մարմինը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն (Հռոմի ստատուտ) ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արդեն իսկ ընդունել է նախագիծ և այն ընդգրկվել է Ազգային ժողովի հերթական լիագումար նիստի օրակարգում։
Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է ամբողջությամբ։ Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու:
Մյուս կողմից, Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։