
Եվրախորհրդարանի պատգամավորները հոկտեմբերի 3-ի լիագումար նիստում կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, նախատեսվում է Բաքվին դատապարտող բանաձեւ ընդունել, ասվում է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ։
«Երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 3-ին, խորհրդարանը կքննարկի Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ իրավիճակը»,- ասվում է փաստաթղթում։ Հավելվում է, որ խորհրդարանականները պատրաստվում են դատապարտել Ադրբեջանի չարդարացված հարձակումը։
Առկա տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 3-ին Եվրախորհրդարանն իրավիճակի քննարկում կանցկացնի ԵՄ խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Իսպանիայի նախագահության ներկայացուցիչների հետ։ Բանաձեւի քվեարկությունը սպասվում է հինգշաբթի՝ հոկտեմբերի 5-ին։
Նախկինում Եվրամիությունն Ադրբեջանի վրա Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը հարգելու պատասխանատվություն էր դրել և հայտարարել էր, որ Բաքվի դեմ քայլեր կձեռնարկի, եթե նրանք ճնշվեն: