
Միացյալ Նահանգները հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի համար միջազգային դիտորդական առաքելության հնարավորինս շուտ ձևավորման օգտին։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Կհաստատեմ, որ Լեռնային Ղարաբաղի առնչությամբ, ընդհանուր առմամբ, մենք կարևոր ենք համարում հրադադարի ռեժիմի պահպանումը, հումանիտար կարիքների բավարարումը, ինչպես նաև անկախ միջազգային առաքելության հնարավորինս շուտ ստեղծումը, որը կապահովի թափանցիկություն և վստահություն կհաղորդի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Մեզ համար ստեղծված իրավիճակի հետ կապված աշխատանքի մեջ առաջնահերթություն է»,- ասաց ամերիկացի դիվանագետը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն աշխատում է այդ առաջարկներն իրագործել օտարերկրյա դաշնակիցների ու գործընկերների հետ։ «Մենք շատ լուրջ ենք խոսում միջազգային առաքելության մասին», - ասել է Միլլերը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնն անկեղծ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղ դիտորդներ ուղարկելու ուղղությամբ։ «Մենք աշխատում ենք դաշնակիցների և գործընկերների հետ՝ որոշելու լավագույն մեխանիզմն սա [պլանը] իրագործելու համար», - նշեց ԱՄՆ արտաքին քաղաքականության պաշտոնյան:
Ինչպես նա խոստովանեց, դեռևս լուծված չեն այն հարցերը, թե «ինչ հովանու ներքո է այս առաքելությունը մեկնարկելու, ովքե՞ր են մասնակցելու» դրա աշխատանքներին, կոնկրետ ինչ մանդատ է լինելու։ «Այս ամենը քննարկվում է», - ասաց Միլլերը: