Հայաստանն ինքը պետք է որոշի՝ ինչպիսին լինեն իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Կենտուկիի համալսարանի Փաթերսոնի դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Քերի Քավանոն՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի՝ վերջերս արած այն հայտարարությանը, ըստ որի՝ Միացյալ նահանգները ձգտում է, որ Հայաստանը իրական որոշում կայացնի եւ դառնա իր գործընկերը՝ ի հակադրություն Ռուսաստանի։
Ամերիկացի պաշտոնաթող դիվանագետի գնահատմամբ՝ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի հարաբերությունները կայուն են, և դրանց կառուցվածքում ես արմատական փոփոխություն չեն նկատվում։
«Բազմաթիվ լուրեր հրապարակվեցին Կանզասի ազգային գվարդիայի հետ իրականացված զորավարժության մասին։ Դա վարժանք էր խաղաղապահ առաքելություններին մասնակցության վերաբերյալ, և ոչ թե այնպիսի ստանդարտ զորավարժություն, որն առավել ընդլայնված համագործակցության հետ է կապված։ Այնպես որ, ես այդ ուղղությամբ շրջադարձային փոփոխություն չեմ նկատում եւ կարծում եմ, որ հարաբերություններն այս իմաստով կայուն բնույթ են կրում։ Հայաստանի կառավարությունը հարցեր է առաջ քաշում այն մասին, թե ինչպիսին են ապագայում լինելու հայ-ռուսական հարաբերությունները՝ նկատի ունենալով վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ Ռուսաստանը հուսալի գործընկեր չէ պաշտպանության ոլորտում։ Եվ կարող եմ ասել, որ ես շատ հայերից և անհատներից եմ լսել դա»,- նշեց Քավանոն։
Եթե Հայաստանը որոշում կայացնի փոխել արտաքին քաղաքական կողմնորոշումն ու «հեռանալ» Ռուսաստանից, այդ դեպքում Միացյալ Նահանգները կամ արևմտյան այլ երկրներ հստակ երաշխիքներ կտրամադրե՞ն Հայաստանին իր ավտանգությունն ապահովելու հարցում, նաև այնպիսի ռազմավարական ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, էներգետիկան և այլն։ Այս հարցին Քավանոն դժվարացավ պատասխանել։
«Սա տեսական հարց է, որին ես չեմ կարող պատասխանել։ Կարծում եմ, որ հիմա ավելի կարևոր է կենտրոնանալ այն խնդիրների վրա, որոնց հենց այս պահին բախվել է երկիրը՝ ինչպե՞ս ենք աջակցելու այն մարդկանց, որոնց հիմա լքում են իրենց տները, ինչպե՞ս ենք մոտենում քաղաքական երկխոսությունը վերականգնելուն, որպեսզի պատասխաններ տրվեն բաց մնացած այս հարցերին․ արդյո՞ք այժմ հեռացող մարդկանց թույլատրվելու է վերադառնալ հետագայում, ի՞նչ է լինելու, եթե մարդիկ որոշեն չհեռանալ, ի՞նչ է լինելու այն մարդկանց հետ, որոնք Լեռնային Ղարաբաղը լքելու ճանապարհին կանգնեցվում են սահմանին կամ ձերբակալվում Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Սրանք այս պահին առավել կարևոր հարցեր են, քան նրանք, որոնք առավել երկարաժամկետ բնույթ ունեն»,- նշեց Քավանոն։